Մշակույթ

Մահացել է օպերային երգիչ եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը

Այսօր՝ մարտի 23-ին, 65 տարեկանում, կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) եւ բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը:

Գեղամ Գրիգորյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:

Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 29-ին, Երեւանում։

Ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը։ Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին, 20 տարեկան հասակում, 1972 թվականին մենահամերգներով մեկնել է արեւմտյան Բեռլին։

1975 թվականին կայացավ նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Էդգարի դերերգով, Դոնիցետիի«Լուչիա դի Լամերմուր» օպերայում։ Դրան հետեւում են Սարոն (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթը (Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»), Սայաթ Նովա (Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ Նովա»), Կոմս Ալմավիվա (Ռոսսինի «Սեւիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»)։ 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ողջ Խորհրդային Միությունում։

1978 թվականին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico) եւ ընդգրկվել այն չորս երգիչների կազմի մեջ, ովքեր հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնել «Լա Սկալա»-ում։

Այդ տարիներին Իտալիայում Գեղամ Գրիգորյանը ունեցել է մի շարք համերգներ։ «Լա Սկալա»-ում դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերա): Այս ելույթից հետո նա «Լա Սկալա»-ի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր այնտեղ «Բորիս Գոդունով» եւ «Տոսկա» օպերային ներկայացումներում գլխավոր դերերով հանդես գալու համար՝ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարմամբ, ով այն ժամանակ Լա Սկալայի գլխավոր դիրիժորն է եղել։

Back to top button