Քաղաքական

Հայ պատգամավորները Բրյուսելից վերադառնալու ուղիներն են ճշտում

տեղադրված է ժամը 13-45- ին
լրացված է ժամը 18։04- ին

lenabadeyan

Մի քանի օր առաջ Աժ-ից Բրյուսել մեկնող հայ խորհրդարանականների մեծ պատվիրակության անդամները դեռ չգիտեին, որ Եվրոպայի սրտում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով մնալու են, այսպես ասած, «գերիի» կարգավիճակում: Հայ սպատգամավորները վաղը առավոտյան վերադարձի տոմս ունեին, բայց այժմ որոնում են հետդարձի այլ ճանապարհներ: Այդ հարցում պատգամավորներին օգնում է ինչպես հայրենի խորհրդարանը, այնպես էլ Բելգիայում ՀՀ դեսպանությունը: Ամեն դեպքում, հայ պատգամավորները «Ռադիոլուրին» պատմել են «Եվրանեսթում» իրենց հաջողությունների մասին։

 

Բրյուսելում գտնվող հայ պատգամավորներն այսօր չեն կարողացել իրականացնել նախապես ծրագրված հանդիպումները:  Չեղյալ է հայտարարվել Արեւելյան գործընկերության <Եվրանեսթ> խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքային վերջին օրը: Սա լրացուցիչ անվտանգության միջոց է Բրյուսելում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

«Եվրանեսթի» աշխատանքները, սակայն, չեն տապալվել, «Ռադիոլուրի» հետ զրույցում փոխանցեց Բելգիայում գտնվող մեր պատվիրակության անդամ, պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նախորդ օրերին հայ պատվիրակները հանդիպել են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամների հետ, ինչպես նաեւ մասնակցել են սոցիալական, էներգետիկ, տնտեսական եւ քաղաքական հարցերով հանձնաժողովների նիստերին: Դեռ երեկ էին եվրոպացիները մտածում ընդհատել աշխատանքները, բայց վերանայեցին դիրքորոշումը, ասում է տիկին Աճեմյանը:

Մեր պատվիրակության մեկ այլ անդամ՝ Թեւան Պողոսյանը, չնայած ստեղծված իրավիճակին դրական է գնահատում «Եվրանեսթում» իրենց աշխատանքը:

Ի դեպ՝  նշեմ, որ Բրյուսելի համար մասնավորապես եւ Եվրոպայի համար ընդհանրապես դժվարին այս օրերին Բելգիայում է Հայաստանի խորհրդարանից միանգամից 9 պատգամավոր: Ինչպես են վերադառնալու Հայաստան՝ դեռ չգիտեն, հետդարձի տոմսը վաղվա համար էր, բայց Բրյուսելի օդանավակայանը, ըստ որոշ տեղեկությունների, չի աշխատելու մինչեւ մարտի 25-ը: Բրյուսելում գտնվող «Ռադիոլուրի» զրուցակից պատգամավորներին այս պահին առաջարկվել է մի քանի տարբերակ, որոնցից ոչ մեկը, սակայն, դեռ վերջնական չէ:

Ի դեպ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում Կարինե Աճեմյանը վստահեցնում էր, որ որոշել են այսօր ընդհանրապես դուրս չգալ հյուրանոցից, բայց Թեւան Պողոսյանը նշեց, որ այնուամենայնիվ կարճ ժամանակով դուրս են եկել, շրջել են փողոցներով, տեսել են բաց եւ աշխատող որոշ խանութներ ու նույնիսկ մի քանի ավտոբուս։ «Սահմանափակումներն ու խստացումներն, իհարկե, շատ են»,- նշեց Թեւան Պողոսյանը՝ նշելով, որ Բրյուսելը, ամեն դեպքում, փորձում է բնականոն կյանքի վերադառնալ:

 

Back to top button