Մշակույթ

«Եվրիմաժ»-ը բաց դուռ՝ հայ կինոգործիչների առջև

alisagevorgyan
2016 թվականի հունվարից Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ  հիմնադրամի  լիիրավ անդամ: ԵՄ 47 պետություններից այս կազմակերպությանն անդամակցում են 37-ը: Լինելով Եվրոպայի խորհրդի համատեղ աջակցության հիմնադրամ՝ Եվրիմաժը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում  երեք ուղղություններով՝ համատեղ ֆիլմարտադրություն, կինովարձույթ և ցուցադրություն: «Հայաստանի անդամակցությունը Եվրիմաժին  կնպաստի համատեղ  ֆիլմարտադրությանը, կաջակցի եվրոպական շուկաներում ֆիլմերի վարձույթի և ցուցադրության գործընթացներին»,-Մշակույթի նախարարությունում տեղի ունեցած մամոիլի ասուլիսում այսօր նշել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

 

 

Եվրոպայի խորհրդի  Եվրիմաժ հիմնադրամը կինոարտադրության ոլորտում եվրոպական ամենախոշոր հիմնադրամն է, որի տարեկան բյուջեն կազմում է մոտ 25 միլիոն եվրո: Եվրիմաժին  անդամակցելու գործընթացը Հայաստանը սկսել էր դեռ 2006 թվականին, սակայն անդամակցությունն իրականություն դարձավ  միայն տասը տարի անց: Սույն թվականի հունվարին Հայաստանը դարձավ հիմնադրամի լիիրավ անդամ: Ինչ կտա սա հայ կինոյին և կինոարտադրությանը:

«Եվրիմաժը բաց դուռ է հայ կինոգործիչների առջև և եվրոպական կինոընտանիքին մաս կազմելու հրաշալի հնարավորություն»,-ասում է  Եվրիմաժ հիմնադրամի  հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը: Եվրիամաժում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին է:

 

Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի  ղեկավար  Նատալյա Վուտովան  Հայաստանի ներկայությունը Եվրիմաժում ողջունում է ոչ  միայն որպես եվրոպական կառույցի ներկայացուցիչ, այլև որպես կինոյի մեծ սիրահար:

Նատալյա Վուտովան մեջբերում է, իր բնորոշմամբ, հայ հանճարի՝ Փարանջանովի խոսքերը.«Ամենասարսափելին այն է, որ թույլ ես տալիս, որպեսզի գեղեցկությունն անցնի կողքովդ: Իսկ կինոն գեղեցկությունը բաց չթողնելու հրաշալի հնարավորություն  է»:  Հավելենք, որ Եվրիմաժին հայտեր ներկայացնելու պայմաններին կարելի է ծանոթանալ ՀՀ մշակույթի նախարարության, ինչպես նաև Ազգային  կինոկենտրոնի կայքէջերում:

Back to top button