Հասարակություն

Դրամահավա՞ք, կաշա՞ռք, թե՞ կամավոր նվիրատվություն

arminegevorgyan

Դպրոցներում պետք է իրարից տարանջատել դրամահավաքն ու կամավոր ներդրումը, քանի որ, դրամահավաքի մասին անընդհատ շեշտելով, հեղինակազրկում ենք ուսուցիչներին, ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Վերջինս  կողմ է դպրոցներում  կամավոր ներդրումներին, բայց խոսքն ամենևին էլ տոներին ուսուցիչներին թանկարժեք նվերներ կամ գումար տալու մասին չէ: Ինչպե՞ս տարբերակել դրամահավաքությունը կաշառքից։

 

Դրամահավա՞ք, կաշա՞ռք,  թե՞ կամավոր նվիրատվություն դպրոցին։ Ծնողները ,մանկավարժները, կրթության ոլորտի փորձագետները   դժվարանում  են այս երեք բառերի միջև ընկած տարբերակումը  գտնել:  Այս պարագայում  տարբերակումը  ոչ թե կապված  է բառերի իմաստաբանության, այլ դրանց տետևում թաքնված բովանադակության հետ: Եթե  դպրոցում գումար են հավաքում, ապա դրան անվանում են   դրամահավաք՝ անկախ նրանից,  թե այդ երևույթին ուրիշ ինչ անուն կտաս:

«Ռադիոլուրի» հետ զրույցում Աննա Ավետիսյանը, ով չցանկացավ մատնանշել այն դպրոցի անունը,  որտեղ սովորում են  իր երեխաները, ասաց՝ այդպիսի օր չկա, որ ինչ- որ բանի համար գումար չհավաքեն. Ֆոնդի, հավաքարարի, կավիճի փող և այլն:

Հանրակրթության մասին  օրենքի  համաձայն՝ դպրոցների տնօրեններից պահանջվում է ամեն տարի իրականացնել դպրոցի գործունեության ներքին գնահատում, որը պետք է ներկայացվի դպրոցի կառավարման, մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներին և հրապարակվի մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը՝ սեպտեմբերի 5-ը:

Այդ ներքին գնահատման  համաձայն՝ կառավարության կողմից խրախուսվում է այն դպրոցը, որտեղ ծնողները  կատարում են ֆինանսական ներդրումներ:  Նաև այդ ցուցանիշն է հաշվի առնվում՝ դպրոցի վարկանիշը գնահատելիս: Բնական է, որ ցանկացած տնօրեն  շահագրգռված է, որ դպրցում ապահովվեն ֆինասական կայուն հոսքեր:  ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզան Մուրադյանն  ասում է, որ պետք է կարողանանք տարբերակում մտցնել դրահավաքի, կաշառքի ու կամավոր նվիրատվություն միջև։

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կողմնակից է դպրոցներում կամավոր ներդրումներ կատարելուն ,բայց շեշտում է՝  խոսքն ամենևին էլ տոներին  ուսուցիչներին թանկարժեք նվերներ կամ գումար տալու մասին չէ: Նա ևս առաջարկում է տարանջատել դրամահավաքն ու կամավոր ներդրումը:

Երբ սկսեցին գործարկվել «Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերը՝ նպատակը մեկն էր՝  ծնողները, անհատ բարերարները, նախկին շրջանավարտները ցանկության  դեպքում կարողանան  գումարներ ներդնել իրենց դպրոցի կամ մանկապարտեզի խնդիրները  լուծելու համար:

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է,  որ սա ինքնին ենթադրում է թափանցիկ գործընթաց:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, սակայն, որոշումից մեկ այլ հատված է առանձնացնում։ Այն, որ   հնարավորինս պետք է  բարելավել դպրոցների հաշվետու լինելու մեխանիզմը եւ գործունեության թափանցիկությունը: Սակայն տիկին Բախշյանը հաշվել է, որ Երեւանի 159 դպրոցներից միայն 43-ն են հրապարակել ներքին գնահատման արդյունքները, որոնք, կրթության փորձագետի խոսքով, լիարժեք չեն:

«Ռադիոլուրն» Անահիտ Բախշյանի այս մտահոգությունը փոխանցեց  Երևանի քաղաքապետարանի կրթության  վարչության պետին: Գայանե Սողոմոնյանին Բախշյանի բարձրացրած հարցն այնքան էլ չի մտահոգում, ներքին ու արտաքին գնահատում մեկ օրվա գործ չէ, այլ աշխատանքային գործընթաց, ասում է:

Back to top button