Հասարակություն

Աշխատողները սովորաբեր չեն պայքարում իրենց իրավունքների համար

lenabadeyan

«Աշխատանքային օրենսգրքով» թույլատրելի փորձաշրջան հասկացությունը վերջերս կիրառվել է մի ընկերության կողմից՝ պետական սոցվճարներից ու հարկերից խուսափելու համար: Այս մեկ դեպքում օրենքը խախտվել է եւ ոտնահարվել են պետության շահերը, բայց սովորաբար գործատուի կողմից այդ օրենսգիրքը խախտվում է աշխատողների իրավունքները սահմանափակելու նպատակով: Գործազրկության բարձր մակարդակը եւ անպաշտպանվածությունը աշխատողներին ստիպում է լռել եւ որեւէ ատյանում չպայքարել իրենց իրավունքների համար:

 

Այսօր աշխատանք չունենալը մեծ խնդիր է, բայց պարզվում է՝ աշխատանք ունենալն էլ է խնդիր։ «Աշխատում եմ երկու տեղ՝ աշխատանքը համետեղելով, ես աշխատում եմ չափից դուրս շատ»,- ասում է հոգեբան Սիրանուշ Անդրեասյանը։ Նա շատ լավ է հասկանում, որ «չափից դուրս շատ» աշխատելն առաջացնում է չհիմնավորված ագրեսիա: Սրանով է նաեւ հոգեբանը բացատրում հասարակության մեջ ագրեսիվ դրսեւորումների աճը:

Հարցը տարբեր հարթություններում դիտարկելիս հասկանալի է դառնում՝ ամեն ինչը չէ, որ նախատեսվել է եւ պաշտպանվում է «Աշխատանքային օրենսգրքով»: Իսկ աշխատանքային իրավունքների խախտման դեպքում էլ՝ աշխատողները պարզապես լռում են, չեն պայքարում իրենց իրավունքների համար՝ ոչ գործատուի մոտ, ոչ էլ դատարաններում:

Ի սկզբանե՝ աշխատողի իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնելու համար ստեղծված արհեստակցական միություններն ընդհանրապես կորցրել են իրենց նշանակությունը: Արհեստակցական միությունների կոնֆեդերացիան ի՞նչ է արել կամ մտածում այս խախտումների մասով, պարզել չհաջողվեց: Կոնֆեդերացիայի էլեկտրոնային կայքից միայն տեղեկանում ենք, որ 2015 թ-ին հանրապետությունում գործել է 20 ճյուղային հանրապետական միություն եւ 703 արհմիութենական կազմակերպություն: Նրանցից ոչ մեկը այդպես էլ աչքի չի ընկել որեւէ աշխատողի իրավունքների պաշտպանությամբ, էլ չենք ասում՝ խախտված իրավունքները վերակագնելու փորձով։

Հանրապետությունում գործազրկության բարձր մակարդակը եւ անպաշտպան լինելը հանգեցրել են մի իրավիճակի, երբ, բացառությամբ մի քանի ընկերության, անդադար կադրային հոսքի ականատեսն ենք լինում։

Սա միայն օրենսդրական բացի հետեւանք չէ, կա նաեւ հոգեբանական կողմ ՝ գործատու-աշխատող փոխհարաբերությունների տեսանկյունից, ասում է հոգեբան Սիրանուշ Անդրեասյանը: Իբրեւ կին խոստովանում է՝ հայկական աշխատաշուկայում կա մի խնդիր: Նույն գործն անողներից կինը միշտ ավելի ցածր է վարձատրվում: Սեր մենթալիտետն է, հավանաբար, պատճառը, որ նույնիսկ փողոցային հարցումներում կանայք դրա մասին չեն խոստովանում:

Ամեն դեպքում՝ հոգեբանն ասում է՝ լռելը ճիշտ չէ, անհրաժեշտ է պայքարել իրավունքների համար: Իսկ իրավաբանի խորհուրդն էլ հետեւյալն է. օրինակ՝ արտաժամյա աշխատանքի դեպքում հավելավճար պահաջելը ճիշտ է գրավոր, քանի որ մերժման դեպքում այդ ապացույցը անհրաժեշտ կլինի դատարանում:

Back to top button