ԿարևորՀասարակություն

Մատաղիսի գործով ՄԻԵԴ վճռի հայկական արձագանքները (լրացված)

տեղադրվել է ժամը 14։46- ին
լրացվել է ժամը 20։14- ին

annanazaryan

Աննախադեպ վճիռ ՄԻԵԴ-ից. Մատաղիսի գործով կայացրած վճռով պետությունը պետք է 50 հազար եվրո վճարի  այն զինծառայողներին,  ովքեր 2005-ին առաջին ատյանի դատարանում դատապարտվել էին 15 տարվա, մեկ տարի անց՝ Վերաքննիչ դատարանում՝ ցմահ ազատազրկման, իսկ 2012-ին՝ արդարացվել Վճռաբեկ դատարանում: 

 

Մատաղիսի աղմկահարույց գործով  ՄԻԵԴ վճռով  ՀՀ կառավարությունը պետք է 50 հազար եվրո փոխհատուցի  համածառայակիցների սպանության մեջ մեղադրվողներին՝ 15 հազարական եվրո  Մուսա Սերոբյանին ու Ռազմիկ Սարգսյանին, 20 հազար եվրո՝ Արայիկ Զալյանին: Մեղադրյալների փաստաբաններից Հայկ Ալումյանը ՄԻԵԴ վճիռը լիարժեք հաղթանակ համարեց  ու խոսեց  դատական համակարգի որոշ աշխատակիցների  պատճառով պետությանը վնաս պատճառելու դեպքերը նվազեցնելու մասին։ Մեղավորիներին չպատժելու դեպքում՝ վերջինների մոտ անպատժելիության զգացում է առաջանում՝ ավելացրեց փաստաբանը:

Հիշեցնեմ, 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության համար մեղավոր էր ճանաչել զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար ու դատապարտել 15 տարվա ազատազրկման, այնուհետև՝ Վերաքննիչ դատարանը նրանց համար պատիժ էր սահմանել ցմահ ազատազրկումը։ 2012-ին Վճռաբեկ դատարանն արդարացրեց նրանց։ Դեռ 2004 թվականին Արայիկ Զալյանը, իսկ 2006- ին են մյուս երկուսը դիմել էին ՄԻԵԴ՝ իրենց նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ («Խոշտանգումների արգելում») և 5-րդ («Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք») հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման հայցով։

ՄԻԵԴ-ը խոշտանգումների փաստը, ի դեպ, հաստատված չի համարել , ինչը փաստաբան Հայկ Ալումյանը պայմանավորում է իրավապահների անգործությամբ՝ մասնավորապես ժամանակին դատաբժշկական փորձաքննություն չանցկացնելու հանգամանքով։ Այսօր արդեն գործն ավելի է բարդանում, ասում է Հայկ Ալումյանը՝ շարունակելով՝ իսկ ովքե՞ր են սպանել զորամասի երկու զինծառայողներին: Այն, ինչ կարելի էր անել տաք հետքերով, այսօր փաստորեն հնարավոր չէ ու հանցագործության բացահայտումն ավելի դժվար փուլ է ըստ էության թևակոխում:

Զինծառայողների արդարացման վճիռը հնարավոր է եղել Զարուհի Փոստանջյանի համառության շնորհիվ, նշում է Հայկ Ալումյանը։

Ժամանակին Մատաղիսի գործով մեղադրյալների շահերը ներկայացնող,  այժմ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, վերհիշելով այն ժամանակ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հեգնական տոնը, նշեց, որ այս վճիռը նախադեպային պետք է լինի, այն հարկ է, որ  կանխարգելիչ բնույթ ունենա ապագա ապօրինությունները կանխարգելելու համար։ Ի դեպ՝ Ջհանգիրյանն այսօր չի մեկնաբանել  ՄԻԵԴ վճիռը, իսկ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» խոստացավ մեկնաբանություն ներկայացնել երկուշաբթի օրը։ Նա այժմ ուսումնասիրում է ՄԻԵԴ վճիռը:

Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը նշում է, որ Հայաստանը երեք ամսվա ընթացքում կարող է բողոքարկել այս վճիռը՝ միաժամանակ շեշտելով՝ որ դատարանի Մեծ պալատը շատ քիչ դեպքերում է ընդունում բողոքարկման դիմումը։

 

Back to top button