Տնտեսական

Ստուգիր գործարքներդ, եթե անգամ բանկային քարտը ձեռքիդ է. բանկոմատները զեղծարարների թիրախում են

lianaeghiazaryan

Որքանով են խոցելի հայաստանյան բանկերի հաճախորդների քարտային հաշիվները, ու արդյոք արդարացված են մեր քաղաքացիների մտահոգությունները` կապված առեւտրային բանկերից մի քանիսի քարտերով զեղծարարություն կատարելու վերջին փորձերի հետ: Հիշեցնենք` օրեր առաջ գրանցվել էին նման դեպքեր, երբ քաղաքացիներին հաշվից անօրինական գործարքներ էին կատարվել` նրանց ֆինանսական կորուստ պատճառելով:

 

Հայաստանյան բանկերից մի քանիսի քարտերով զեղծարարություն կատարելու վերջին փորձերը` գրանցված օրեր առաջ, հարուցել են մեր քաղաքացիների մտահոգությունը: Բանկերն իրենք էլ հաստատեցին լուրերը, կատարված անօրինական գործարքներով քաղաքացիների հաշվից դուրս եկած գումարները փոխհատուցեցին, ապա եւ վստահեցրին, որ ձեռնարկում են համապատասխան բոլոր միջոցները` կանխելու նման հետագա փորձերը:

Հայաստանյան բանկերից մեկի ներկայացուցիչներից մեկը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շեշտեց` այս խնդրին կարող են առնչվել հայաստանյան ու ոչ միայն հայաստանյան բոլոր բանկերը: Սա 21-րդ դարի խնդիրն է` տեխնոլոգիական բոլոր զարգացումներին զուգահեռ` զարգանում են նաեւ հաքերային հնարքները:

Հայաստանում նման եզակի դեպքեր են գրանցվում, նկատում է զրուցակիցս: Բանկերի համար դժվար չէ վերահսկելն ու պարզելը` արդյոք տվյալ քարտատերն է կատարել տվյալ գործարքը, թե կատարվել է զեղծարարություն: Հայաստանյան ֆինանսական կառույցները պետք է սոցիալական պատասխանատվություն ցուցաբերեն նման դեպքերում` փոխհատուցելով իրենց հաճախորդի կորուստը, ասում է բանկի ներկայացուցիչը:

Թեման շարունակելով` տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը սպառողին է փոխանցում իր խորհուրդ-հորդորը` լինել աչալուրջ: Գերադասելի է քարտերից գումար կանխիկացնել ամենաբանուկ վայրերում, իսկ ավելի լավ է` հենց բանկերում տեղակայված բանկոմատներից. դրանք ավելի խստորեն են վերահսկվում, քան հեռավոր վայրերինը: Զեղծարարների հնարքն այն է, որ բանկոմատների ստեղնաշարի կամ քարտի տեղադրման մուտքի վրա հարմարեցնում են սարք, որը պատճենում է քարտային տվյալները: Դրանք էլ եւ հետագայում ապօրինաբար կիրառվում են. քաղաքացու հաշվին գործարքներ ու գնումներ են անում: Ուշադիր աչքը կնկատի. բացատրում է Սամվել Մարտիրոսյանը:

Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մեր քաղաքացիներին եւս իր հորդորն է փոխանցում` ոչ մի դեպքում սեփական բանկային քարտը չտրամադրել երրորդ անձի. հանրային սպասարկման վայրերում վճարում կատարելիս անձամբ հավաքել ծածկագիրը, չտրամադրել գործատուին կամ այլ անձանց` գումար կանխիկացնելու ու առձեռն վճարելու պայմանով: Զգուշությունից ելնելով կարելի է օգտվել բանկերի ծառայությունից, երբ ամեն գործարք կատարելուց հետո sms հաղորդագրություն է ուղարկվում: Եթե քաղաքացին հայտնաբերում է իր կողմից չկատարված գործարք, կարող է դիմել բանկ՝ հասանելի բոլոր միջոցներով, եւ ներկայացնել համապատասխան հայտարարություն:

Կենտրոնական բանկի փոխնախագահը եւս վստահ է` սա միայն մեր երկրի խնդիրը չէ, ավելին` «2015-ի տվյալներով` աշխարհում ամեն 100 դոլարի գործարքի 0.6 տոկոսը կեղծ գործարքներ են: Հայաստանի դեպքում այս ցուցանիշը 0.02 է»:

Կենտրոնական բանկն առեւտրային բանկերի առջեւ պահանջ է դրել ստեղծել ապահով միջավայր, որտեղ հնարավոր չեն կամ շատ բարդ են անօրինական գործողությունները: Իսկ եթե, այնուամենայնիվ, այդպիսիք գրանցվեն, դրանից տուժողները հնարավորին չափ քիչ լինեն: Զեղծարարները, որպես օրինաչափություն, նախ ստուգում են տվյալ երկրի ֆինանսական համակարգի խոցելիությունը: Հայաստանի դեպքում առանձնապես չեն կարող ոգեւորվել: « Նման փորձեր շատ են եղել, բայց անհաջող, քանի որ բոլոր բանկոմատները տեսաձայնագրվում են, իսկ քարտերի մեծ մասն արդեն չիպային է, ինչը կարեւոր պայման է, որ քաղաքացին վստահ լինի, որ անգամ զեղծարարության դեպքում իր գումարները կվերադարձվեն»:

Վճարման համակարգերը պարտավորվում են անօրինական գործարքների ու քաղաքացու բողոքի դեպքում վերադարձնել գումարները: Բանկերի կամ այդ համակարգերի համար դժվար չէ պարզել` զեղծարարություն կա, թե ոչ: Մնում է, որ քաղաքացիներն էլ իրազեկ լինեն, զգուշավոր ու իրենց իրավունքների պաշտպանությանը` հետամուտ:

Back to top button