Մշակույթ

Ռոբերտ Էլիբեկյանի աշխատանքների ցուցադրությունը՝Գաֆէսճեանում

 

Մարտի 17-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի հայկական կերպարվեստի նշանավոր արվեստագետներից մեկի՝ Ռոբերտ Էլիբեկյանի աշխատանքների ցուցադրությունը:

Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է Թբիլիսիում արվեստագետների ընտանիքում:  1960-ականներին տեղափոխվելով Երևան՝ կարճ ժամանակահատվածում նա իր ուրույն տեղն է հաստատում քաղաքի արվեստային բարդ միջավայրում՝ դիմակայելով սոցռեալիզմի խորհրդային պրոպագանդային: Գեղանկարչական բեղմնավոր գործունեությանը զուգահեռ՝ Էլիբեկյանն աշխատել է նաև որպես բեմանկարիչ՝ Հայաստանում և արտերկրում ձևավորելով բազմաթիվ ներկայացումներ: Միևնույն ժամանակ, նա հանդիսացել է մի շարք հայկական ֆիլմերի բեմադրող նկարիչը:

Լինելով 1960-1970-ականների «թիֆլիսյան դպրոցի» առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ Էլիբեկյանը գեղեցիկի և ազատության նոր գեղագիտություն բերեց Երևանյան մշակութային համայնապատկեր: Իր կտավներում Էլիբեկյանը ստեղծում է ֆանտասմագորիկ իրականություն, որտեղ նա կարող էր հասնել զգացմունքների և ոգու կատարյալ ազատության՝ արվեստագետի ստեղծագործական հիմնական մղիչ ուժը:

«Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցադրությունը, որի շրջանակներում մեկտեղված են 26 գեղանկարներ արվեստագետի հարուստ գեղարվեստական ժառանգությունից, մատնանշում է նրա արվեստի ոճական և ստեղծագործական ուղու զարգացումը 1960-ականներից ցայսօր:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի 2016 թվականի առաջին ցուցադրությունը՝ «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ», որը նշանավորում է արվեստագետի 75-ամյա հոբելյանը, հարգանքի տուրք է հայկական մոդեռնիստական արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից մեկին: Միևնույն ժամանակ, հավատարիմ կենտրոնի առաքելությանը, սա ևս մեկ քայլ է ներկայացնելու հայկական կերպարվեստը տեղի և միջազգային արվեստասեր հանրության լայն շրջաններին,- նշում է ԳԱԿ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Ցուցադրությունը գործելու է մարտի 17-ից մինչև հունիսի 5-ը:

Back to top button