Հասարակություն

Ինչ է կարեւորում պաշտոնյան, ինչ է կարեւորում քաղաքացին

hasmikdilanyan

«Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար», Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Երևանում  այսօր տնտեսական հանդիպում է  անցկացվել՝ հայ և ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ: Քննարկվել են էներգախնայողության, տրանսպորտի, կաոռւցապատման հարցեր: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշել է, որ քաղաքային տնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը  տարիների պատմություն ունի: Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ  Հայաստանն ընտրել է ֆրանսիական քաղաքաշինության մոդելը: «Ռադիոլուրի»՝ պահպանվո՞ւմ են արդյոք Երևանում քաղաքաշինական նորմերը հարցին, նախարարն անձագանքել է՝ հայկական սեյսմիկ նորմերը միջազգային ստանդարտներին լիարժեք համապատասխանում են: «Ռադիոլուրը» նաև երևանցիներից է  փորձել պարզել, թե որոնք են իրենց համար կարևորագույն լուծում պահանջող խնդիրները։

 

Տրանսպորտային, բնապահպանական հարցեր, աղբահանություն և ոչ միայն: Երևանում հայ և ֆրանսիացի մասնագետները քննարկում են   մայրաքաղաքի կարևորագույն  հարցերն ու դրանց լուծման ուղիները: Ֆրանսիայի դեսպանության համագործակցության հարցերով խորհրդական Ժան Միշել Կասբարյանն  ընդգծում է՝ այս պահին ամենակարևորը էներգախնայողության հարցն է,  ավելի բարեկարգ քաղաք ունենալը, սոցիալական հարցերը նույնպես օրակարգում են

Վերջին տարիներին  ականատես ենք լինում ներքին միգրացիոն երեւույթների, երբ մարզերի բնակչությունը, սոցիալական խնդիրներից ելնելով, տեղափոխվում է մայրաքաղաք: Պարզվում է՝ սա միայն հայկական առնաձնահատկություն չէ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպենտիեի խոսքով՝ 2050թ  մեծ քաղաքներում կենտրոնացած կլինի բնակչության 70 տոկոսը, այժմ այն 50 տոկոս է  կազմում:

Դեսպանն ընդգծում է՝ «ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել, որ Երևանում քաղաքային տրանսպորտի հարցն է լուրջ,  ջրահեռացման,  թափոնների վերամշակման հարցերն են կարևոր,  կա նաև հանրային լուսավորության խնդիր»:

«Հայաստանն  ընտրել է ֆրանսիական քաղաքաշինության մոդելը»,- ասում է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:  «Ռադիոլուրի»՝ պահպանվո՞ւմ են արդյոք Երևանում այդ քաղաքաշինական նորմերը հարցին, նախարարն արձագանքում է՝  սեյսմիկ նորմերը լիարժեք համապատասանում են միջազգային չափանիշերին:

Երևանցիներից փորձեցինք պարզել, թե որո՞նք են իրենց համար այս պահին առաջնահերթ լուծում պահանջող  հարցերը։ Նշվում էր հիմնականում կենսապահովման խնդիրները, աշխատանքը, աշխատավարձը, նաեւ՝ քաղաքի կանաչապատումը։

Սոցիալականից բացի՝ զրուցակիցներիցս մեկը նաև նշեց՝ բոլոր ժամանակների թիվ մեկ խնդիրը մարդն է։ Եթե մարդկանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ փոխվի, ամեն ինչ շատ ավելի լավ կլինի:

 

Back to top button