Հասարակություն

«Երեխաների սնուցման գլոբալ ֆորումը» կկազմակերպվի Հայաստանում

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոյին և ՌԴ Պարենի ճյուղային սննդի ինստիտուտի տնօրինության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են “Կայուն դպրոցական սնունդ” ծրագրի  շարունակականության ապահովման և աշնանը Հայաստանում նախատեսվող “Երեխաների սնուցման գլոբալ ֆորումի” կազմակերպչական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը կարևորել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը` ընդգծելով,  որ նախարարությունը հաստատակամ է ՀՀ մարզերում  “Կայուն դպրոցական սնունդ” ծրագրի շարունակականության ապահովման գործում:
Ներկայումս դպրոցական սննդի ծրագիրը 3 մարզերում իրականացվում է ՀՀ  կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի՝ ՌԴ կառավարության օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի  տարրական դպրոցի շուրջ 90 հազար աշակերտներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ինչպես ծրագրի ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման, այնպես էլ դպրոցներում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական  միջոցների բարելավման հետ կապված հարցերին:

Անդրադառնալով ՀՀ կառավարության, “Երեխաների սնուցման գլոբալ  հիմնադրամի” և ՊՀԾ գերազանցության կենտրոնի/Բրազիլիա/ կողմից համատեղ կազմակերպվող “Երեխաների սնուցման 18-րդ գլոբալ  ֆորումին”` նախարարն ընդգծել է, որ  այն Հայաստանի համար խիստ պատասխանատու և հեղինակավոր միջոցառում է: Նշվել է, որ Հայաստանը նախկին խորհրդային երկրներից առաջինն է, որտեղ անցկացվելու է “Երեխաների սնուցման գլոբալ ֆորումը”:

Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն   շուրջ 50 երկրների բարձրաստիճան  ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ  ֆորումի կազմակերպման հարցում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու Ռուսաստանի  պարենի ճյուղային սննդի ինստիտուտը կցուցաբերեն աջակցություն ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Back to top button