ԿարևորՀասարակություն

Ավագ դպրոց եւ մագիստրոսական կրթություն. ԿԳ նախարարը նախանշում է վերափոխման ոլորտները

sonahakobyan

Կրթության հիմնախնդիրներն ու ոլորտի հաջողություններն է այսօր  ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը:  Անդրադառնալով ոլորտի առաջնային լուծում պահանջող խնդիրներին՝ նախարարը նկատել է, որ պետք է վերանայվի ավագ դպրոցը: Այն  պետք է  բեռնաթափվի, և երեխան պետք է երկու-երեք առարկայով շարունակի իր ուսումը։ Նախարարն առաջարկել է վերանայել նաև մագիստրոսական կրթության բովանդակությունը: Մնացած ծրագրերի մասով Լևոն Մկրտչյանը խոստացել է շարունակել նախկին նախարար Արմեն Աշոտյանի քաղաքականությունը:

 

Կրթութական ոլորտի վերաբերյալ իր հայեցակարգը ներկայացնելու առիթ ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը մեկ  անգամ չէ որ ունեցել է: Քանի որ այս տարիների ընթացքում աշխատել է համալսարանում, ծանոթ է նաև բուհական խնդիրներին և ձեռքբերումներին:  Իհարկե բնական է, որ ոլորտը ղեկավարած  իր առաջին տարիներին և այսօր համակարգում հսկայական փոփոխություններ կան՝ հատկապես դրական իմաստով, բայց և չի կարող անտեսել այն խնդիրները, որոնք կառուցվածքային  լուծումներ են պահանջում:

Չանտեսելով ոլորտի ձեռքբերումները՝ ԿԳ նախարարը նկատեց, որ դեռևս կա 2 բնագավառ, որտեղ անելիքներ ունենք: Դրանցից  մեկը  ավագ դպրոցն է: Երեխան, ավարտելով ավագ դպրոցը, պետք է ունենա մասնագիտական կողմնորոշում: Բայց քանի որ դպրոցական ծրագրերը շարունակվում են նաև ավագ դպրոցում, այն ոչ միայն իրեն չի արդարացնում, այլև հասարակության դժգոհությունն է առաջացնում: Ավագ դպրոցը պետք է  բեռնաթափվի, աշակերտը  երկու-երեք առարկայով պետք է շարունակի իր ուսումն այստեղ, ասում է։

Մյուս խնդիրը, ըստ Լեւոն Մկրտչյանի, մագիստրոսական կրթությունն է:  Այն, ինչ տալիս է ներկայիս մագիստրատուրան, ավելորդ տարիների կորուստ է՝ առանց որակյալ կրթության: Երկրորդ խնդիրն այն է, որ մագիստրոսական կրթությունը կապ չունի աշխատաշուկայի հետ: Նախարարն առաջարկում է վերանայել այս կրթության բովանդակությունը: Մնացած ծրագրերի մասով Լևոն Մկրտչյանը շարունակելու է նախկին նախարար Արմեն Աշոտյանի քաղաքականությունը:

Ի դեպ՝ նախարարը չբացառեց նաև բուհական ընդունելության համակարգում փոփոխությունը, մասնավորապես՝ ընդունելության քննությունների վերացումը։ Այդ ամենը, սակայն,  տեւական գործընթաց է։

Back to top button