Հասարակություն

ԱՄՆ մեկնելու վիզայի հաճախացած մերժումները ՏՏ ոլորտի մասնագետները անհիմն են համարում (լրացված)

տեղադրվել է ժամը 14։33- ին
լրացվել է ժամը 18։43- ին

lianaeghiazaryan

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ կազմակերպություններն այսօր հանդիպել են հայաստանյան լրատվամիջոցներին` բարձրաձայնելով` Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը վերջին շրջանում շատ հաճախ մուտքի արտոնագիր չի տրամադրում հայաստանյան ՏՏ ընկերության աշխատակիցներին: Միության նախագահ Կարեն Վարդանյանն այսօր հայտարարել է, որ մերժումները շատ հաճախ անհիմն են, երբեմն դրանք չեն էլ մեկնաբանվում: Իսկ այն տեղեկությունները, որոնք հյուպատոսական ծառայության մոտ կասկած են հարուցում, ըստ բանախոսի, կարելի է շատ  հեշտությամբ ճշտել: Ինչպես է ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը պատճառաբանում իր մերժումները, եւ ինչ հետագա քայլերի են պատրաստվում դիմել ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները։

 

Հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունները 2014 թվականից կանգնել են խնդրի առաջ. ԱՄՆ գործարար այցերի մեկնելու 10 դիմումից 8- ը  Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը մերժում է։  «Մերժում են շատ հաճախ անհիմն»,- շեշտում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանն ու հիշում` մինչեւ 2014 թվականը նման խնդիր չի եղել, նույն 10-ից 8-ի դեպքում վիզա ստացվում էր:

«ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Իսկ նման մոտեցումը լուրջ հարված է ոչ միայն մեր տնտեսությանը: Տեղական ընկերությունները կորցնում են խոստումնալից ծրագրերը, ժամանակը, սպասվելիք լուրջ եկամուտները եւ, ի վերջո, անվստահելի գործընկերոջ համբավ  են ձեռք բերում: Եւ սա այն դեպքում, երբ Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրության շուրջ 70 տոկոսն արտահանվում է հենց ԱՄՆ, ու նրանց պետք են մեր նորարարական լուծումները»,- հայտարարում է Կարեն Վարդանյանը:

Ինչպես է հյուպատոսական ծառայությունը մեկնաբանում իր մերժումները, հետաքրքրվեց «Ռադիոլուր»-ը: «Սովորաբար պատճառաբանում են, թե բավարար հիմքեր չունեն պարզելու` արդյոք տվյալ մասնագետը չի գնում ԱՄՆ` քողարկված աշխատելու: Այսինքն` մարդը գնում է այնտեղ շնորհանդեսի, նրան ասում են` չէ, դու գնում ես այնտեղ աշխատում ես ու, ենթադրենք, հարկային կամ այլ վնաս ես տալիս»։

ԱՄՆ հյուպատոսական ծառայության ներկայացուցիչների հետ 10-ից ավելի հանդիպումներ են եղել, պարզաբանումներ: Բայց սպասված արդյունքը չկա: Կարճ ժամանակ ինչ-որ բան փոխվում է, ապա կրկին նույն վիճակն է: Պատճառների մասին Կարեն Վարդանյանը խոսում է «գուցե»-ներով: Գուցե ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունն է քաղաքական իրավիճակ փոխել, գուցե բյուրոկրատական հարցեր են, խստացումներ, գուցե պարզապես ներկայիս հյուպատոսի սուբյեկտիվ մոտեցման խնդիր է:

Միակ բանը, ինչ հյուպատոսական ծառայությունը որպես լուծում ներկայացրել է, հետեւյալն է. «Առաջարկում են դիմել աշխատանքային վիզա ստանալու համար: Իսկ աշխատանքային վիզա ստանալը նախ շատ թանկ է, այն ստանալը շատ երկար է տեւում: Եւ հետո մարդիկ չեն գնում այնտեղ աշխատելու, գնում են համագործակցություն կազմակերպելու»:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ կազմակերպությունների անունից Վարդանյանն էլ իրենց առաջարկն է ներկայացնում: Եթե ընդհանուր խստացում կա, ապա թող բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար վիզայի դյուրացված կարգ լինի. ինչպես տարբեր այլ երկրներ են կիրառում: Ի վերջո` այս ոլորտից մասնագետների «արտագաղթն» ամենափոքր ցուցանիշն ունի: Կամ թող իրենց հարցով հստակ մասնագիտացում անցած հյուպատոսական ծառայող զբաղվի, ով ճիշտ կընկալի վիճակն ու օբյեկտիվ կգտնվի նման հարցերում:

Տեղական ընկերություններից մեկի համահիմնադիր-տնօրեն Արտաշես Թովմասյանն իր հերթին հայտարարում է. «Այս էլ երկրորդ անգամ մեզ մերժում են: Չեն էլ նայում մեր թղթերը, ինչ հրավեր ունես, ինչ ես թողնում այստեղ, ով ես: Ուղղակի ասում են` վստահություն չունենք, որ հետ եք գալու»:

Մեկ այլ` հայ-կանադական ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը շարունակում է թեման`«այս մերժումները խոչընդոտում են մեր բիզնեսի առաջընթացը: Մենք պետք է արագ արձագանքենք»:

ՀՀ ԱԳՆ-ին դիմել միությունը դեռ նոր է պատրաստվում` հարցն արդեն դիվանագիտական քննարկման դաշտ տեղափոխելու մտադրությամբ, քանի որ ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսության կողմից որպես խնդրի լուծում ներկայացված առաջարկին հայ մասնագետները վերապահումով են մոտենում:

Back to top button