Հասարակություն

Սելեկտիվ աբորտների խնդրին օրենսդրական լուծում է տրվում

lianaeghiazaryan

Ի՞նչ ընթացք ունի եւ ինչպիսի՞ նախնական արդյունքներ է տալիս Հայաստանում իրականացվող` «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը: Այսօր պետական ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ անցկացված նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում այս առումով առկա մտահոգիչ իրավիճակն ու դրա կարգավորման ուղղությամբ անելիքները: ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հիշեցրել է, որ ԵՄ-ն խոշոր ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ժողովրդագրական մտահոգիչ միտումները շտկելու նպատակով: Առողջապահության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին տեղեկացրել են խնդրին տրվելիք օրենսդրական կարգավորումների մասին:

 

Յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով Հայաստանում ծնվում է 115 տղա. Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են, որոնց համաձայն` մեզ մոտ այս միտումը գրանցվում է դեռ 1993-94 թվականներից: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2000 թ., երբ 100 աղջիկ երեխայի դիմաց գրանցվեց 120 տղայի ծնունդ:

Կենսաբանորեն այդ ցուցանիշը չպետք է անցնի 102-106-ը: Կրկին վիճակագրական ցուցանիշերով` Հայաստանում տարեկան շուրջ 1400 աղջիկ չի ծնվում. հղիությունն ընդհատվում է միայն նրանց սեռի պատճառով:

Հայաստանում առկա ժողովրդագրական մտահոգիչ միտումների մասին մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լսել է դեռ այստեղ աշխատանքի անցնելուց առաջ ու հիշում է, որ այս մասին հստակ բարձրաձայնվել է Եվրախորհրդարանի նիստերի ժամանակ: Սրանից, ասում է, տուժում է ոչ միայն երկրի վարկանիշը, հասարակությունն ինքն  էլ, քանի որ երկարաժամկետ առումով խախտվում է սեռերի միջեւ հավասարակշռությունը:  «Խնդրի լուծումը կարեւորելով` Եվրամիությունը Հայաստանին  2 տարվա համար 750 հազար եվրո է հատկացրել` այստեղ իրականացնելու մի նախագիծ, որը պետք է բարձր նպատակի ծառայի»:

Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող` «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար»  ծրագրին միացել են նաեւ հասարակական կազմակերպությունները: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանի փոխանցմամբ` անելիքը շատ է հատկապես մարզերում: Նպատակն ու ակնկալիքներն այսպիսին են. «Ծրագրի շրջանակներում պարտավորություն ունենք 10 տոկոսով նվազեցնել այդ շեղումը, 15 տոկոսով բարձրացնել հասարակության իրազեկվածությունն այս խնդրի վերաբերյալ, որը ենթադրում է նրանց վարքագծի փոփոխություն»:

Հայաստանում հատկապես երրորդ երեխային սպասող ընտանիքներին առնչվող  «ծանր» թվերը որոշակի փոփոխության ենթարկվում են: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պետական ու մասնավոր համատեղ նախաձեռնությունների արդյունքում թվերի որոշակի կայունացում  նկատում է, ապա մատնանշում պտղի` սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդրին այլ լուծումներ, որոնց պետք է հասնել օրենսդրական առաջիկա փոփոխություններով: «Մենք ուզում ենք օրենքում ամրագրել սպասելու ժամանակ. Հղիության ընդհատման վերաբերյալ կնոջ գրավոր համաձայնությունից հետո պետք է պարտադիր անցնի 3 աշխատանքային օր` մինչ վերրջնական որոշման կայացումը» ։

Երբ այս խնդիրն ու դրա մասին փաստող թվերն առաջին անգամ բարձրացվեցին, անակնկալի եկանք բոլորս էլ, շեշտում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Վերջին 2 տարվա իրազեկման աշխատանքների արդյունքը Բերիկյանը որոշակիորեն նկատելի է համարում, բայց եւ իր հերթին փոխանցում` խնդրին իրենց մասով էլ պետք է օրենսդրական կարգավորումներ տալ: «Շուտով ընդունելու ենք Ընտանեկան բռնության մասին օրենք: Հղիության` սեռով պայմանավորված ընդհատումները եւս մենք համարում ենք գենդերային բռնություն: Եւ այս բոլորը, բնականաբար, տարբեր օրենքներով կամրագրվի»:

Back to top button