Հասարակություն

Կանանց տոնը` շնորհավորանքից զատ նաեւ կանացի խնդիրներով մտահոգվելու առիթ

lianaeghiazaryan

Մարտի 8-ը շնորհավորանքներից զատ նաեւ լուրջ մտահոգությունների առիթ է: Հայաստանյան իրականությունը թույլ չի տալիս կանանց տոնի մասին խոսել` առանց մայրերին առնչվող խնդիրներին անդրադառնալու: Մեր երկրում կանայք գերադասում են ավելի քիչ մայրանալ: Խիստ մտահոգիչ է հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների ցուցանիշը: Մյուս կողմից էլ երկու անգամից ավելի մայրանալուց խուսափողների կողքին կանայք են, որոնց չի հաջողվում մայրանալ անպտղության պատճառով: 

 

Կանանց տոնին հնարավոր չէ չնկատել` կանայք մեր երկրում ավելի քիչ են մայրանում: Մեր երկրում ընտանիքներին գնալով ավելի հատուկ է դառնում 2 երեխայի մոդելը: Պաշտոնական վիճակագրությամբ` ծնելիության ցուցանիշը Հայաստանում 1.7 է ընդամենը: Այնինչ՝ հասարակ վերարտադրության համար անհրաժեշտ է առնվազն 2,1 ծնելիություն մեկ կնոջ հաշվով։

Մասնագետներն ահազանգում են` պատկերը մտահոգիչ է։ Որպես համեմատություն` 1950թ. հայ ընտանիքները մեկ կնոջ հաշվով ունեցել են 4,5 երեխա, սա ծնելիության բավական բարձր գործակից է։ Սկսած 1990-ից, երբ ծնելիության 1,62 գործակից գրանցվեց, Հայաստանում ծնելիությունը սկսեց բավականին արագ անկում ապրել՝ 2002թ. հասնելով 1,21-ի՝ Հայաստանում երբևէ գրանցված ամենացածր գործակիցը: Հետո որոշակի կայունացում եղավ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը փոխանցում է կանխատեսումներն այս մասով, որոնք էլ պակաս մտահոգիչ չեն: «Եթե դիտարկենք 1980- ի Հայաստանի ժողովրդագրական բուրգը, ապա այն իդեալականին շատ նման էր: 2015-ին դեռ նման էր որոշակիորեն բուրգի, բայց արդեն ներքեւի մասը նեղացել է, քանի որ ծնելիությունը բավական անկում է ապրել: 2050-ին ավելի կնեղանա այս բուրգը, իսկ 2100-ին արդն կունենանք ոչ թե բուրգ, այլ՝ սյուն»:

Մայրության տոնի համատեքստում` խիստ մտահոգիչ է հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների ցուցանիշը: Հայաստանում տարեկան շուրջ 1500 աղջիկ չի ծնվում միայն այն պատճառով, որ աղջիկ է: Ընդհատում են հղիությունը՝ սպասելով, որ հաջորդը տղա լինի։ Տղա երեխայի նախընտրությունը միջինում վեց անգամ ավելի է Հայաստանում: Ըստ կանխատեսումների՝ եթե միտումն այսպես շարունակվի, մինչև 2060թ․ մոտ 100 հազար աղջիկ, այսինքն՝ ապագա մայր, լույս աշխարհ չի գա։

Սակայն ի տարբերություն ասիական որոշ այլ երկրների՝ Հայաստանում դրական մի երեւույթ կա` աղջկա հետ կապված խնդիրը մեզ մոտ մինչև ծնվելն է, ծնվելուց հետո աղջիկների և տղաների միջև խտրականություն չի դրվում, մանրամասնում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: «0-19 տարեկանների մեջ 11.4 տոկոս տղա երեխաների եւ երիտասարդների ավելի թիվ ունենք»:

Հայաստանյան ընտանիքների 15%-ից պակասը երեք և ավելի երեխա ունի։ Բայց ՄԱԿ-ի հետազոտությունը միաժամանակ ցույց է տալիս` հայկական ընտանիքների 57%-ը ցանկանում է ունենալ երեք և ավելի երեխա` կրթական, սոցիալական, ֆինանսական խնդիրների թեթեւացման դեպքում:

Երկուսից ավելի անգամ մայրանալուց խուսափողների կողքին կանայք են, որոնց չի հաջողվում մայրանալ: Անպտղությունը Հայաստանում բավական բարձր է՝ 17%։ Սա դեռ առաջնային անպտղության ցուցանիշն է: Երկրորդային անպտղությունը գնահատվում է 12%: Կրկին տագնապալի ցուցանիշ`այս անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ: Անպտուղ ընտանիքներին պետական ամբողջական օժանդակություն չկա, եղածն էլ կցկտուր է:

Back to top button