Տնտեսական

Հայ կինը ամեն ինչ կարող է անել.կայացավ «Գյուղմթերքի կին հերոս-2016» մրցանակաբաշխությունը

hasmikdilanyan
Հանրապետության տարբեր մարզերից այսօր մայրաքաղաքում են հավաքվել  կին ֆերմերները: Նրանք ոչ միայն իրենց աճեցրած բերքն ու բարիքն են ներկայացրել գյուղոլորտի պատասխանատուներին, այլ նաև հիշեցրել են ավանդական կերակրատեսակների մասին: Երևանում այսօր՝ կանանց միամսյակին ընդառաջ «Գյուղմթերքի կին հերոս»  մրցանակաբաշխությունն է անցկացվել, որին մասնակցել են ինչպես  ոլորտում արդեն հայտնի  կանայք, օրինակ, Ռոզա Ծառուկյանը, այնպես էլ  երկար տարիներ  գյուղատնտեսությամբ զբաղվող, սակայն,  ոչ այդքան հայտնի կանայք: Միջոցառումն ամենամյա է, անցկացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարաիության և ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ:

 

 

«Կլոր գաթա, ղավուրմա,  բոխի, հորած պանիր, կարշուն, քամած մածուն, սիբեխ»:

Վայոց Ձորի մարզի Ազատեկ  համայնքից Երևան եկած  Նուշիկ Ջանոյանն ու համայնքից ևս մի քանի կին թվարկում են իրենց արտադրանքն  ու կանանց միամսյակի մեկնարկին ընդառաջ «Գյուղմթերքի կին հերոս»  մրցանակաբաշխությանը ներկայացված  հայկական ավանդական կերակրատեսակները:  Ազատեկում ջերմոցային տնտեսությամբ 13 կին է  զբաղվում,  վստահեցնում են՝ դժվար է չէ միասին և ամենակարևորը համերաշխ աշխատել:  Կանայք կոտրում են  «գյուղատնտեսությամբ զբաղվելը դժվար է»  կարծրատիպերը:  Ասել, որ  շատ հեշտ է, իրական չի լինի, սակայն, զրուցակցիս խոսքով, ամեն ինչ փոխվում է, երբ  աշխատանքի արդյունքն են տեսնում.

«Հենց լոլիկի սածիլը խփում ենք գետնին, հետո, որ օրեցօր տեսնում ենք, որ էդ սածիլը բարձրանում ա, մենք ուրախանում էինք: Ու էդ ընթացքում մենք ավելի ուժ ու ոգևորություն էինք ստանում»:

Առատ տեղումները  ոչ միայն այս գյուղում, այլ նաև հարակից մի  շարք գյուղերում  ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների համար խնդիրներ ստեղծեցին՝ ձյան ծանրությունից թաղանթապատ ջերմոցները քանդվել են, այժմ՝ կանայք աջակցության կարիք ունեն: Նրանց մտահոգությունը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին փոխանցեցինք, խոստացավ.

«Դրանք բոլորը կվերանորոգենք»:

«Գյուղատնտեսության ոլորտում ներգրավված շուրջ 400 հազար զբաղվածների կեսից ավելին կանայք են՝ մոտ 220 հազարը»,- ասում է գուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու մեր երկրում  կարևորում  կոոպերացիաների զարգացումը:  Նախարարը մասնակցում էր Գյուղմթերքի կին հերոս»  մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է 2011թ ՀՀ գյուղատնտեսության նախարաիության և ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած ազգային մրցանակաբաշխությանը: Սերգո Կարապետյանը  արդյունավետ է համարում հատկապես սահմանամերձ համայնքներում ձևավորված  կոոպերատիվների աշխատանքը

«Տավուշի մարզում այդպիսի շատ օրինակներ կարող եմ բերել, շատ լավ արդյունքներ ենք գրանցում: Մեզ համար կարևոր է, որ այդ փորձը մյուսներին փոխանցենք, որպեսզի բոլորը տեսնեն, որ կոոպերատիվներին անդամագրվելով իրենք ավելի մեծ եկամուտներ են ունենում»:

«Հերմոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Նաիրա Մնացականյանը Երևանում է հայկական ավանդական, ինչու չէ նաև արդեն մոռացված ճաշատեսակներով՝ կանեփով քուֆթա, պասուց տոլմա  ու կտավատով ու կանեփով  ավանդական հայկական գաթա: Զրուցակիցս կարծում է, որ տարիների ընթացքում փոխվել  են  միայն մթերքի  պահպանման ձևերն ու մարդկանց հնարավորությունները:

Օրվա հերոսները կանայք են, հայ կանայք և այսօր ու առաջիկա օրերին բոլոր շնորհավորանքները նրանց են ուղղված:

«Առաջին հերթին կցանկանամ, որ բոլոր հայ կանայք առողջ լինեն, հաջողակ ու երբեք չվախենան որևէ գործ սկսելուց: Որ ասում են ռիկսը գործի կեսն է, ճիշտ են ասում: Թող երբեք չվախենան, հայ կինը ամեն ինչ կարող է անել»:

Կանայք վստահեցնում են` ուժեղ են, երբ իրենց կողքին ուժեղ տղամարդ կա:

Back to top button