Հասարակություն

Լորիս-Մելիքովի մասին պատմող ֆիլմը ներկայացվեց Թբիլիսիում

gitaelibekyan
Թբիլիսիիում ներկայացվել է Միխայիլ Լորիս-Մելիքովի մասին պատմող ֆիլմը: Ռուսական կայսրության ռազմական և պետական հմուտ այս  գործիչի մասին բազամթիվ ֆիլմեր կան, սակայն նրանցից  ոչ մեկը չի անդրադառնում Մելիքովին  որպես իր ժողովրդի և ազգի նվիրյալի: «Մենք ժխտեցինք այն տեսակետը, թե Մելիքովն իր հայկականությամբ չի փայլել»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է ֆիլմի հեղինակը` «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը:

 

Ով էր Միխայիլ Լորիս-Մելիքովը: Ռուսական կայսրության մեծ զորապետը  լինելուց զատ, նրա մասին  թերևս  քիչ բան գիտենք: Սակայն նրա ոտնահետքերը ամենուր են. սկսում են Հայաստանից, որտեղից սերում է Մելիքովների գերդաստանը,  տանում  Թիֆլիս, որտեղ ծնվել ու մեծացել է տոհմի կարկառուն ներկայցուցիչը,  հասնում Ռուսաստան,  Արևմտյան Հայաստան…

«Շատերը չգիտեն, որ նա ուզում էր հասնել նրան, որ Էրզրումը դառնա Հայաստանի մայրաքաղաք: Բնականաբար Էրզրումը մայրաքաղաք դարձնելու համար պետք էր գրավել այն տարածքները, որոնք հասնում էին մինչև Էրզրում: Այսինքն նա Ալեքսանդր 2-րդ  կայսեր հետ ուներ պայմանավորվածություն, որ եթե գրավեին այդ տարածքները, պետք է փաստորեն հռչակվեր Նոր Հայաստանը  Էրզրում մայրաքաղաքով»:

Հայ զորապետը երկու անգամ ռուսական զորքով  գրավել է ժամանակի ամենահզոր բերդակառույցը` Կարսը:  Նա ուղն ու ծուծով հայ էր, կյանքի բոլոր հանգրվաններում շրջապատված էր հայերով: Ասում է  Սերգո Երիցյանը, ֆիլմում ընդգծելով, որ Կարսի երկրորդ գրավման ժամանակ զորախմբերը հայ ղեկավարներ ունեին` գեներալներ Լազարևը,  Տեր-Ղուկասովը…

Մելիքովը հատուկ վերաբերմունք ուներ նաև  Անիի նկատմամբ:

«Ավարտելով ծառայությունը Կարսում, գնում է Անի մայրաքաղաք, Անիի տաճար և այնտեղից բավականին դժվարությամբ է բաժանվում: Առաջիններից մեկն էր, որ այն դժնդակ ժամանկներում  իրականացրեց Անիի պահպանությունը,  օժանդակեց  վերականգնողական աշխատանքներին»:

Մելիքովը  առաջարկում էր նաև Կոստանդնապոլսի պատրիարքարանը տեղափոխել Էրզրում:

«Ինքս մտածում եմ` եթե Հայոց կաթողիկոսական աթոռը կարող էր Վաղարշապատից Դվին, Դվինից Անի, Անիից Սիս և այլ վայրեր տեղափոխվել, ինչու չէր կարող Պոլսո պատրիարքությունը տեղափոխվել Էրզրում, կամ նույնիսկ Վան: Մանավանդ, որ Լորիս-Մելիքովը հետաքրիր է ասում` «Հայոց մայրաքաղաք Էրզրում», մեր մայրաքաղաքներից մեկը` Կարին: Գուցե թե պատրիարքության այդտեղ գտնվելը շատ իրողություններ կփոխեր: Գուցե չլիներ այն, ինչ տեղի ունեցավ 1915-ից  1923 թվականներին»,- ֆիլմում ասում է վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն  եպիսկոպոս Միրզախանյանը, հավելելով` Մելիքովը կապված էր վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու հետ և  «երկու մեծ հայորդիները հակառակ իրենց տաիրքային տարբերության, համազգային մտածողության տեր են եղել»:

Կենսագիրները վկայում են, որ Միքայիլ Լորիս-Մելիքովը շատ էր սիրում Թիֆլիսը: Առիթը բաց չէր թողնում  այցելել  ծննդավայր, որտեղ իրեն էր սպասում հիվանդ մայրը, հարազատները: Նունիսկ կտակում ցանկություն է հայտնում, որ իրեն թաղեն Թիֆլիսի հայկական Վանք եկեղեցու բակում: Թբիլիսահայ պատմաբան Ենոք Թադեվոսյանի խոսքով.

«Պահպանված փաստաթղթերում գրված է, որ Լորիս Մելիքովի հայրը` Տարիելը,  Թբիլիսիի կենտրոնում գնել է հողատարածք, որտեղ սեփական տուն է կառուցել: Այս տանն է  Մելիքովը ծնվել ու անցկացրել իր մանկությունը: Այն այժմ էլ գտնվում է Գուդիաշվիլիի անվան փողոցում:   Սակայն այդ ժամանակ  եզակի դեպք էր, որ այդ  փողոցը կենդանության օրոք կոչվեր  Լորիս Մելիքովի անունով»:

Հատկանշական է, որ գեներալը 1859 թ. մի առիթով Պոլսում հավաքված առաջադեմ երիտասարդների առջև իր ելույթում ասել է հետևյալ խոսքերը. «Ես ապրում եմ Ռուսական կայսրությունում, դուք ապրում եք Օսմանյան կայսրությունում, բայց մենք` ռուսահայերս, ու դուք` թուրքահայերդ, ունենք մի հայրենիք` Հայաստանը: Մեր լեզուն, մեր կրոնը, մեր մշակույթը այնտեղ են սկիզբ առել: Կոչ եմ անում բոլորիդ չմոռանալ Հայաստանը: Ամեն ինչ տանք նրան, նրա երջանկության համար ապրենք ու մեռնենք»:

Սերգո Երիցյանը  պատարստվում է այս տարեվերջին Թբիլիսիում ներկայացնել  թիֆլիսահայ  մեկ այլ գերդաստանի` Թամամշյանների պատմությունը:

Իսկ  անցյալ  տարի նա Թբիլիսի էր բերել  «Անանյան-Հովնանյանների  ոտնահետքերով» գիրքը:

Back to top button