Վերլուծական

Քննարկում ԳԱԱ- ում. Իրանի խորհրդարանական ընտրություններն էական բան չեն փոխում

lianaeghiazaryan

Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտն այսուհետ նոր ոճով է աշխատելու` պարբերաբար հրապարակավ անդրադառնալով քաղաքական այս կամ այն իրադարձությանը եւ վերլուծելով տարածաշրջանային զարգացումներն ու դրանց ազդեցությունը: Ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանի գլխավորությամբ այսօր քննարկվել են քաղաքական վերջին զարգացումներն Իրանում` խորհրդարանական ընտրությունները, Մեջլիսում հայերի ներկայացվածությունն ու հայ համայնքին առնչվող հարցեր: «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան` իրանագետները գնահատական են հնչեցրել, թե որքանով է իրատեսական այսօր Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական օրակարգ բերելն ու ԼՂ հարցում Իրանի դիրքորոշման նոր ձեւակերպման սպասելը:

 

Իրանի խորհրդարանական ընտրությունները գլոբալ առումով որեւէ էական բան չեն փոխում ոչ այդ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ոչ էլ առանձին վերցրած` հայ-իրանական հարաբերություններում. պատմագետ, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանի դիտարկումն է: Խորհրդարանում ներկայացված պահպանողականների ու բարեփոխիչների գաղափարախոսության մեջ լուրջ տարակարծություններ չկան, ասում է։

Մասնագետն ուշագրավ է համարում, որ Իրանի ամեն 100 հազար քաղաքացու «բաժին է հասնում» 1 պատգամավոր, իսկ ընդամենը 40 հազար իրանահայությունը միանգամից 2 ներկայացուցիչ ունի Մեջլիսում: Սա այն դեպքում, երբ կրոնական մյուս համայնքները մեկական ներկայացուցիչ-պատգամավոր ունեն: Վահան Բայբուրդյանը սա վերագրում է հայերի հանդեպ հատուկ վերաբերմունքին:

Թեման շարունակելով` իրանագետ Գոհար Իսկանդարյանը նկատում է՝ Իրանն իր յուրահատուկ ընտրական համակարգն ունի: Այնտեղ արեւմտյան մոտեցումները չափորոշիչ չեն, ու հետաքրքիր է, որ ընտրություններն այս երկրում անցկացվում են բարձր մակարդակով, եւ անգամ նույն արեւմտյան մամուլը քննադատության ու ընտրակեղծիքների մասին խոսելու առիթ չի ունենում:

Իրանահայության շրջանում ՀՅԴ-ն տիրապետող քաղաքական ուժերից է: Վերջին շուրջ 40 տարում Մեջլիսում ներկայացված բոլոր հայազգի պատգամավորները, բացառությամբ մեկի, դաշնակցական են եղել, ինչպես եւ այս տարի ընտրված պատգամավորներ  Կարեն Խանլարյանը եւ Ժորժիկ Աբրահամյանը: Սա, իհարկե, հայ համայնքում էլ միանշանակ չի ընդունվում. ներքին խմորումներ են առաջանում:

Քաղաքական ներկա զարգացումների համատեքստում ակնկալել, որ Հայոց ցեղասպանության հարցը ճանաչման ու քննարկման ավելի բարձր ամբիոններ կհասնի Իրանում, այս պահին առանձնապես իրատեսական չէ. «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան կարծիք է հայտնում պատմական գիտությունների թեկնածու Արմեն Իսրայելյանը։ Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, ինչի մասին մի քանի անգամ է հայտարարվել. հիշեցնում է Արմեն Իսրայելյանը: Բայց քանի դեռ  Մինսկի խումբն այդ հարցով զբաղվելու միակ ձեւաչափն է, Իրանը չի շտապում  նոր ձեւակերպում տալ իր դիրքորոշմանը:

Որքանո՞վ հավասարակշիռ կլինի Իրանի մոտեցումը Հայաստանի ու Ադրբեջանի հետ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական հարցերում: Իրանագետ Գոհար Իսկանդարյանն այս առումով մտահոգություն չունի. Իրանը սիրում է այլընտրանք, ասում է:

Back to top button