Մշակույթ

Նոր հրատարակություն` Մայր Աթոռում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վերահրատարակել է Հ. Վարդան Հացունու «Պատմութիւն Հայոց Աղօթամատոյցին» աշխատությունը:

Սույն հրատարակությունը 20-րդ դարի հայ ծիսական գրականության ու հայ ծեսի մասին ամենաամբողջական աշխատություններից մեկն է: Այն շարունակում է պահպանել իր կարևորությունն ու նշանակությունը հայ ծեսի ուսումնասիրության ոլորտում, ինչի համար էլ այժմ վերահրատարակվում է:

Հ. Վարդան Հացունու գրքի անդրանիկ հրատարակությունը լույս է տեսել 1965 թվականին` հեղինակի մահվանից շուրջ 20 տարի անց: Առաջին հրատարակության արժեքավոր առանձնահատկություններից է նաև իբրև հավելված տեղադրված «Խրատ Ժամատեղեաց»-ների բնագիրների առկայությունը, որոնք քաղված են Վենետիկի Ս. Ղազար կղզու Մխիթարյան հայրերի մատենադարանի ձեռագրերից:

Ներկա վերահրատարակության մեջ, գրահրատարակչական սկզբունքներից ելնելով, կազմվել են անձնանունների և տեղանունների ցանկերը` առավել դյուրություն պարգևելու ընթերցողներին գրքում այս կամ այն նյութը փնտրելիս: Հավելվածին կցվել է նաև Արժանապատիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանի կողմից ժամանակին Գևորգյան հոգևոր ճեմարանի ավարտական ատենախոսության շրջանակներում Մաշտոցի անվան Մատենադարանի մի շարք ձեռագրերի հիման վրա պատրաստված «Խրատ Ժամատեղեաց»-ների բնագիրը` առավել ամբողջական ու համապարփակ գաղափար տալու նպատակով: Գրքի բնագիրը վերահրատարակության է պատրաստել Բարեշնորհ Միքայել սարկավագ Մարգարյանը:

Աշխատությունը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի և նվիրվում է երջանկահիշատակ Արժանապատիվ Տ. Կարապետ քահանա Գըլըճյանի պայծառ հիշատակին:

Back to top button