Հասարակություն

Ինչպես լուծել բնակչության համար առարկայական խնդիրները

karenghazaryan
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի և դրա իրականացումն ապահովող միջոցառումներին հավանություն տալու թեմայով լսումներ են այսօր կազմակերպել ԱԺ Սոցիալական հարցերի և Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական  հանձնաժողովները: Լսումներում քննարկվել են նաեւ մայրության և բազմազավակության վերաբերյալ հարցեր: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահություն է հայտնել, որ ծրագիրը կյանքի կոչելով՝ հնարավորություն կստեղծվի, որ գործնականում  առարկայական խնդիրներ լուծվեն մեր բնակչության համար: Նախարարը կարծում է, որ փաստաթուղթը կոչված է ավելի բարենպաստ իրավիճակ ապահովելու, որից ելնելով տարեցտարի ժողովրդագրական իրավիճակի բարելավում կունենանք:

 

 

Ժողովրդագրության խնդիրը բազմակողմանի է: Թեպետ խոսվում է մինչեւ 2018-ի մասին, սակայն անհրաժեշտ են երկարաժամկետ մոտեցումներ: Այս կարծիքին է ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Որպես ռազմավարություն մենք մեր մոտեցումները պետք է ցուցաբերենք առնվազն առաջիկա 10 տարիների համար»:

Այն, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիրները չեն կարող մեկ քայլով կամ մեկ միջոցառմամբ  առարկայական արդյունքներ ապահովել՝ որպես ելակետ ընդունում է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով, սակայն, օր առաջ պետք է ներդնել այն կառուցակարգերը, որոնք իրավիճակի բարելավմանն ուղղված առարկայական միջոցառումներ են նախատեսելու և ամենակարևորը՝ համախմբելու են բոլորի ջանքերը: Նախարարը կարծում է, որ այդ առումով ներկայացված ծրագիրը ամբողջական է ու շատ արդիական, որն առնչվում է լայն հասարակությանը:

«Մեր բնակչության ընդլայնված զբաղվածությունն ապահովելու, բնակարանային ապահովության հետ կապված խնդիրները լուծելու եւ, բնականաբար, առողջապահության հետ կապված խնդիրներն են այն հիմնական մեխերը, որոնք ամրագրված են ծրագրում: Վստահ եմ, որ համատեղ ուժերով կարողանալու ենք ծրագիրը կյանքի կոչել, ծրագիրը դարձնել այնպիսի փաստաթուղթ, որը գործնականում առարկայական խնդիրներ լուծելով մեր բնակչության համար ավելի բարենպաստ իրավիճակ է ապահովելու եւ, բնականաբար, տարեցտարի մեր ժողովրդագրական իրավիճակի բարելավում ենք ունենալու»:

Մահացությունն ու ծնելիությունը հիմնական ցուցանիշներն են, որոնք բնութագրում են ժողովրդագրական քաղաքականությունը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի փոխանցմամբ՝ խիստ մտահոգիչ է մնում ծնելիությունը:

«Ըստ փորձագետների հաշվարկների 35 թ.-ին, կարծես թե, երեխաների թիվը պետք է նվազի երկու անգամ: Մեր այսօրվա անելիքները հիմնականում միտված են առաջին հերթին վերլուծել պատճառները, ճիշտ գնահատել կարիքները: Եթե այս պահին մենք չկարողանանք ճիշտ գնահատել կարիքները՝ ինչպիսի հարթակներ, ֆինանսավորում է անհրաժեշտ, որ մենք կարողանանք այս մարտահրավերների ճիշտ լուծումները գտնել, իրականում ժամանակի մեջ այս ծրագիրը կլինի դատապարտված»:

Առանց ծնունդների ավելացման խնդրի լուծման՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավում չի կարող լինել: Սա ընդունում է ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով, սակայն, չկան այնքան հնարավորություններ, որ պետությունը կարողանա բոլոր խնդիրները լուծել: Հանրապետական պատգամավորը, միաժամանակ, չի կիսում տեսակետը, որ ծնելիության անկումը կապված է սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացման հետ: Նա հիշեցրեց, որ մեր պապիկ-տատիկներն ավելի վատ պայմաններում ապրելով ավելի շատ երեխաներ են ունեցել: Ավելացրեց նաեւ, որ ներկայումս էլ շատ ավելի ապահով ու զարգացած երկրներում էլ ընտանիքներն ունենում են ընդամենը մեկ երեխա:

Հետեւաբար՝ յուրաքանչյուր երկիր ունի իր սկզբունքներն ու մոտեցումները, իր ազգային սովորույթները, որոնք նույնպես պետք է ճիշտ գնահատել: Ըստ Հակոբ Հակոբյանի՝ ներկայացված ծրագրում հենց այդ սկզբունքն է դրված: Թե երբ ծրագիրը առարկայական մարմին կստանա ու կոնկրետ արդյունավետություն կտա՝ հանրապետական պատգամավորը հաշվարկելը դժվար խնդիր է համարում, սակայն համոզված է, որ այն, բնականաբար՝ հետեւողական աշխատանքների արդյունքում, կազդի ու կօգնի ժողովրդագրական խնդիրների լուծմանը:

Back to top button