Տնտեսական

Ի՞նչ կտա գործարարներին Հարկային միասնական օրենսգիրքը

hasmikdilanyan

Այս տարվա հունվարից ֆինանսների նախարարությանը կից ստեղծված հարկային խորհրդում շահագրգիռ կողմերը քննարկում են Հարկային միասնական օրենսգիրքը։ Նշենք, որ այն նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին փաստաթուղթն է լինելու, որն իր մեջ ամփոփելու է հարկային ողջ օրենսդրությունը։ Փորձագետներն ու կողմերը կարծում են, որ միասնական օրենսդրության բացակայությունը տնտեսվարողների համար լուրջ խնդիրներ է ստեղծում։ Պատասխանատուները խոստանում են, որ  օրենսդրական նորմերն ավելի պարզ ու հասկանալի  կլինեն: Միասնական օրենսգիրքը պետք է գործի 2018թ հունվարի մեկից :

 

Հարկային  օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր, սակայն ոչ միասնական օրենսգիրք: Մեր երկրում անկախության ատրիներից ի վեր հարկային միասնական օրենսգիրք չի գործել; Սա, ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի պնդմամբ, տնտեսվարողների համար լուրջ խնդիրներ է ստեղծում: «Համակարգ կա, սակայն  համակարգված չէ»,- ասում է։

Գրեթե նույնն է  պնդում նաև  ՀԲ երևանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը, ով նաև կարծում է, որ հարկային   միասնական օրենսգրքի բացակայությունը «խոչընդոտ է  ինչպես բիզնեսի գործունեության համար, այնպես էլ  արդյունավետ հարկային ու վարչարարական քաղաքականություն իրականացնելիս»:  ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի պնդմամբ էլ՝ «ՀՀ հարկային գործող համակարգում բազմաթիվ տարրեր կան, որոնք բավականին արդիական ու թափանցիկ են»։

2018թ հունվարից, սակայն,  Հայաստանում կսկսի գործել միասնական հարկային օրենսգիրքը, որտեղ  ամփոփվելու է  հարկային ողջ օրենսդրական դաշտը:  Պատասխանատուները նաև  խոստանում են, որ  օրենսդրական նորմերն ավելի պարզ ու հասկանալի են լինելու:  Նախագիծը հաստատվել է կառավարության 2015թ հոկտեմբերի ութի նիստում:

Հարկային միասնական օրենսգիրքը չորս մաս  է  ունի՝ հատուկ մաս, առանձին հարկատեսակներին վերաբերող կարգավորումներ,  հարկային հսկողության և հարկ վճարողների սպասարկման հարաբերություններ և եզրափակիչ ու միասնական  մաս:

Հարկային նոր օրենսգրքի մշակմանն աջակցել է  Համաշխարհային բանկը, որը նաև ինչ որ առումով ֆինանսական կողմն է ապահովում՝  տրամադրելով 50 մլն դոլար։

Ներդրումների խթանում, երկիմաստության վերացում, ծանուցումների համակարգի ներդրում, կոռուպցիոն ռիսկերի նվազում. հարկային միասնական օրենսգքրի նախագծի դրական կողմերն է ներկայացնում ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։ «Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ կապված շատ կարևոր  առաջընթաց է ամբողջական փաստաթղթաշրջանառությունը և շփումը տեղափոխել էլեկտրոնային միջավայր»։

«Այս պահին  դրույքաչափերի փոփոխության հարց չկա։ Ավելին՝ քննարկվում է եկամտահարկի  համահարթեցման դրույթը»,- վստահեցնում է ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:

Հարկային միասնական  օրենսգրքի ներկայացված նախագծի շուրջ «Ռադիոլուրի» հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց նաև ՓՄՁ  համագործակցության  ասոցիացիայի ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը: Նա կիսում է նախաձեռնողների այն մտահոգությունները, որ օրենսդրությունը պետք է մեկ փաստաթղթում ամփոփվի: Ավագյանը, սակայն,  մտահոգություններ ունի, օրինակ՝ նշում՝ առաջարկվում է ծառայության ոլորտը  հանել ընտանեկան ձեռնարկատիրական  տիրույթից, իսկ վերջիններս հարկային ավելի մեղմ ռեժիմով են աշխատում։ Ներկայացված օրինագիծն էլ, նրա բնորոշմամբ, «անհրաժեշտ փաստաթուղթ է, բայց հապճեպ ու շտապողական»։

Հավելեմ նաև, որ  Հարկային միասնական օրենսգրքի քննարկման համար ֆինանսների նախարարությանը կից  հարկային խորհուրդ է  ստեղծվել:  Առաջարկություններն այստեղ են ներկայացվում:

Back to top button