Քաղաքական

Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է հայատյացության հարցը

Թուրքիայի խորհրդարանում ազգային խտրականությունների թեմայի վերաբերյալ վեճ է տեղի ունեցել: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ՔԴԿ-HDP) ներկայացուցիչ Գարո Փայլանը ցուցադրել է մի շենքի պատին արված («Հայ բճեր» /Ermeni piçleri) գրությամբ լուսանկարը:

«Ցավոք, սա միայն անվտանգության ուժերը չեն անում: Վարչապետն էլ Բինգյոլում ասել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ հրոսակախմբերը համագործակցել էին ռուսների հետ»: Այսօր և թուրքերն են «Իսլամական պետության»-ը (ԻՊ-İŞİD) անդամակցում, և քրդերը: Հիմա եթե ես ասեմ՝ «թուրք հրոսակախմբերը», դա ինչպիսի՞ խտրականություն կլինի, էդպես կարելի՞ է: Պարոն վարչապետն էլ է բացահայտ խտրականություն դրսևորել», -ասել է հայ պատգամավորը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խորհրդարանական խմբի փոխնախագահ Նաջի Բոսթանջըն հակադարձել է, թե իրականում ազգային ատելություն է դրսևորում հենց Փայլանը: «Վարչապետը գրքեր ունի, ելույթներ ունի, նրա խոսքը հստակ է: Նրա կողմից ոչ մի դեպքում ոչ մի ազգի հանդեպ ատելության որևէ դրսևորման մասին խոսք լինել չի կարող»:

Իսկ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) խորհրդարանական խմբի փոխնախագահ Օքթայ Վուրալը հայտարարել է, թե Փայլանը իրավունք չունի թուրք ազգին «ոճրագործ» անվանել:

Հիշեցնենք, որ Փայլանի ներկայացրած լուսանկարն արվել էր հունվարին Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանի փողոցներում: Այստեղ երկարատև պարետային ժամի դադարից հետո վերջապես հասանելի դարձած բնակավայրի անմխիթար տեսարանների և շենքերի պատերին արված գրությունների ֆոնին հատկապես ուշադրություն էր գրավել  «Հայ բճեր» (Ermeni piçleri) գրությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
Back to top button