Հասարակություն

Ընտրական նոր օրենսգիրքը՝ կառավարության նիստի օրակարգում

hasmikdilanyan
Ընտրական նոր օրենսգրքի նախագիծն ու հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումենր կատարելու նախագծերի փաթեթը ներառված է կառավարության ՝ այսօր մեկնարկող նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման համաձայն, ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հիմքում որպես առաջնային համարվող և սահմանադրական լուծումների մակարդակում սկզբունքային նոր մոտեցումների որդեգրման կարիք ունեցող հիմախնդիր դիտարկվել էր նաև ընտրական համակարգի և հանրաքվեի ինստիտուտի բարեփոխումները, որը պետք է երաշխավորի իշխանության ընտրովիության, հաշվետվողականության, փոփոխելիության, ժողովրդավարական գործընթացների անխափանությունը և առավել վստահելի ընտրական համակարգի ներդնումը:

Արդյունքում` հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով հստակ ամրագրվել է ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ, սահմանվել է քաղաքացու՝ ընտրելու և ընտրվելու հիմնական իրավունքները և այդ իրավունքների սահմանափակման դեպքերը, ինչպես նաև Սահմանադրությամբ ամրագրվել են ընտրական գործընթացներին վերաբերող այլ դրույթներ և մոտեցումներ: Իսկ նոր մոտեցումները կյանքի կոչելու և Սահմանադրությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար մշակվել է ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է նաև ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի պահանջներից` համաձայն որոնց` ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը և ուժի մեջ մտնի 2016 թվականի հունիսի 1-ից: ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծով ամրագրված դրույթներով մեկից ավելի անգամ քվեարկելը բացառելու ավելի առանցքային հնարավորություններ են ամրագրվել, մասնավորապես` ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրողների գրանցման փուլի կանոնակարգումները։ Նշված բոլոր գործառույթներն իրականացվում են ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար բաց և վերահսկելի պայմաններում:

Նոր ընտրական օրենսգրքի նախագծի փոփոխություններից մեկը վերաբերում է Ազգային ժողովի ձևավորմանը: Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից: ՀՀ տարածքը բաժանվում է 13 ընտրական տարածքների` յուրաքանչյուր մարզ ներկայացնում է մեկ տարածք, իսկ Սյունիքը և Վայոց ձորի մարզերը դիտարկվում են համատեղ մեկ տարածք, Երևան քաղաքը բաժանվում է 4 տարածքների: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական տարածքային ընտրական ցուցակ յուրաքանչյուր տարածքի համար: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացնում են թեկնածուներ և ձևավորում կուսակցության ընտրական ցուցակներ:

Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցության դաշինք տարածքային ընտրական ցուցակում իրավունք ունի առաջարկելու թեկնածուներ, ընդ որում նախատեսվում է առաջարկել առնվազն 5 թեկնածու` յուրաքանչյուր 10 000 ընտրողի հաշվարկով մեկ թեկնածու: Համապետական ընտրական ցուցակը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը ընդհանուր կուսակցության ընտրական ցուցակն է, որում պետք է ընդգրկված լինեն թեկնածուները բոլոր տարածքներից, ինչպես նաև կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի անդամ չհանդիսացող անձինք: Յուրաքանչյուր ցուցակ պետք է ունենա փոքր հատված` երկրորդ մաս, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին: Կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն իրենց համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուներից կազմում են տարածքային ընտրական ցուցակներ: Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընդգրկվել միայն մեկ տարածքային ընտրական ցուցակում: Յուրաքանչյուր ընտրող ընտրում է կամ կուսակցությունը կամ կուսակցության ընտրական ցուցակից կոնկրետ թեկնածու:

Եթե կուսակցության ընտրական ցուցակի թեկնածուն ձայն է ստացել, ապա այդ ձայնը միաժամանակ հաշվվում է նաև կուսակցության օգտին: Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Կուսակցությունների մանդատների ուղիղ կեսը համապետական ցուցակներից է ընտրվում, ուղիղ կեսը տարածքային ցուցակներից: Ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն, կուսակցությունների դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ, առավելագույնը երկու կուսակցությունների (դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար: Ընտրության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները:

Եթե առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները միասին նոր դաշինք են կազմում, ապա երկրորդ փուլին մասնակցելու իրավունք է ստանում առավելագույն ձայներ ստացած, նոր դաշինքի կազմի մեջ չմտնող հաջորդ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, որի շուրջ ևս կարող է ձևավորվել նոր դաշինք: Եթե երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը կամ ավելին, ապա նրանք պահպանում են ստացված մանդատները: Եթե երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են մանդատների 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ը կամ ավելին: Երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը (դաշինքը) կամ նոր դաշինքը, որը (որի անդամ կուսակցությունները միասնաբար) առաջին փուլի արդյունքներով ստացել են մանդատների 54 տոկոսից պակաս ձայներ, ստանում է այնքան լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի մանդատների տոկոսի ամբողջ մասը հավասար լինի 54 տոկոսի:

Քվեարկության 2-րդ մասն ունի կարևոր նորամուծություններ: Առաջին` յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է առանձին գույնի քվեաթերթիկներ, որը հնարավորություն կտա չխառնել քվեաթերթիկները մյուս կուսակցությունների քվեաթերթիկների տրցակներին քվեարկության ամփոփման փուլում: Երկրորդը` քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ տեղակայված դակիչին, դակում է ծրարը, որից հետո հանձնաժողովի անդամը բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար:

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի դրույթներից մեկն էլ վերաբերում է ընտրողի ինքնությունը ստուգելուն, ընտրողների գրանցմանը: Մասնավորապես սահմանվել է, որ ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ և լիազորված քվեարկությունն արգելվում է: Յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին: Մասնագետը վերցնում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ներմուծում այն ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարքի մեջ: Եթե ընտրողը որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է նույնականացման քարտը կամ կենսաչափական անձնագիրը, գրանցվում է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և եթե առ այդ պահը անձը հաստատող որևէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է տվյալ ընտրողի նկարը և էկրանի վրա վառվում է կանաչ լույս:

Այն դեպքում, երբ էկրանին վառվում է կանաչ գույնի ազդանշան, ապա ավտոմատ կերպով տպվում է քվեարկության կտրոն, որի վրա գրվում է ընտրողի անունը, ազգանունը, ընտրողների ցուցակում հերթական համարը, անձը հաստատող փաստաթղթի համարը, կտրոնի հերթական համարը: Մասնագետը տպագրված քվեարկության կտրոնը փոխանցում է հանձնաժողովի ընտրողների գրանցումն իրականացնող համապատասխան անդամին և փոխանակվում է քվեաթերթիկի և ծրարի հետ: Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ինչպես նաև իր որևէ անձը հաստատող փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա վառվում է թարթող կարմիր լույսը: Այդ դեպքում ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից, հանձնաժողովի նախագահը ընտրական տեղամաս է հրավիրում ոստիկանության աշխատակիցներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցառումները:

Կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է տեղական ինքնակառավարմանը: Առաջարկվում է, որպեսզի նույն սկզբունքը, որը ընդունված է Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, նույն սկզբունքը կիրառվի նաև Վանաձորում և Գյումրիիում: Ընդ որում, առաջարկվում է, որ երկու քաղաքներում էլ ավագանու կազմը լինի 33 հոգի:

ՀՀ քրեական օրենսգիրք Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (քր. օր.-ի հոդված 150): ՀՀ քր. օր.-ի հոդված 150-ը պատասխանատվություն է սահմանում հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելու կամ ընտրությունների արդյունքները, այդ թվում արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքներն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու, քվեատուփ հափշտակելու, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելու կամ մուտքագրված տվյալները փոփոխելու, ինչպես նաև որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելու համար:

Տվյալ հանցագործության անմիջական օբյեկտը ընտրությունների և հանրաքվեի անցկացումն ապահովող հասարակական հարաբերություններն են, որոնք ուղղված են պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը կամ ՀՀ քաղաքացիների կողմից անմիջականորեն ժողովրդի իշխանության իրականացմանը: Հանցագործության առարկան ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքներ պարունակող փաստաթղթերն են (քվեաթերթիկները, ընտրողների գրանցման ցուցակները, քվեարկության ամփոփիչ և անճշտությունների վերաբերյալ արձանագրությունները), որոնց ձևն ու լրացման կարգը սահմանվում են օրենքով, ինչպես նաև քվեատուփն ու համապատասխան համակարգչային տեղեկատվությունը:

Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքները կեղծելով, որը կարող է դրսևորվել հետևյալ գործողություններով՝ ձայներն ակնհայտ սխալ հաշվելով, ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքներն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելով, քվեատուփ հափշտակելով, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելով կամ մուտքագրված տվյալները փոփոխելով, որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելով, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելով:

Ձայներն ակնհայտ սխալ հաշվելը նշանակում է քվեարկության արդյունքների դիտավորյալ աղավաղում, որն առաջ է բերում «կողմ» կամ «դեմ» քվեարկած ձայների՝ իրականությանը չհամապատասխանող ավելացում կամ պակասեցում: Դա կարող է արտահայտվել, օրինակ, մեկ թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկը մեկ ուրիշ թեկնածուի օգտին հաշվելով, անցանկալի քվեաթերթիկների վրա լրացուցիչ նշումներ կատարելով կամ դրանք թաքցնելով, անվավեր քվեաթերթիկներն այս կամ այն թեկնածուի օգտին հաշվելով և այլն: Հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքներն ակնհայտ սխալ հաստատելն արտահայտվում է ընտրությունները կամ հանրաքվեն օրենքի խախտմամբ դիտավորությամբ կայացած կամ չկայացած, այս կամ այն թեկնածուին ընտրված կամ չընտրված հայտարարելով և այլն: Քվեատուփ հափշտակելը կարող է որակվել քր. օր.-ի հոդված 150-ով միայն այն դեպքում, եթե դա կատարվել է հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով: Հակառակ պարագայում, համապատասխան հատկանիշների առկայությամբ, արարքը կարող է որակվել քր. օր.-ի հոդված 149-ով: Ուստի նախագծի հիմնավորման համաձայն, տվյալ դեպքում ճիշտ կլիներ քր. օր.-ի հոդված 150-ում հատուկ նշում կատարել քվեատուփ հափշտակելու կոնկրետ նպատակի՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ:

Քննարկվող հոդվածի իմաստով համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրել կամ մուտքագրված տվյալները փոփոխել ասելով՝ պետք է հասկանալ այն դեպքերը, երբ նման գործողությունները կատարվում են ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու, աղավաղելու, իրականությանը չհամապատասխանող տեսքով ներկայացնելու նպատակով: Հակառակ պարագայում արարքը չի կարող որակվել քր. օր.-ի հոդված 150-ով: Հետևաբար, քննարկվող հոդվածում, ինչպես և քվեատուփ հափշտակելու դեպքում, նպատակահարմար է հատուկ նշում կատարել արարքի կոնկրետ նպատակի վերաբերյալ: Նշվածով պայմանավորված առաջարկվում են համապատասխան փոփոխություններ կատարել օրենսգրքի 150 հոդվածում (նախագիծ հոդված 1): Գործող օրենսգրքի 151-րդ հոդվածով առաջարկվում է ապաքրեականացնել ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը:

ՀՀ քր. օր.-ի հոդված 154.1-ի երկրորդ մասն առավել խիստ պատասխանատվություն է նախատեսում կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելու կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելու կամ իրացնելու համար, որը կատարվել է խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Ընդ որում, տվյալ հանցակազմի իմաստով խոշոր չափերի հասկացությունը օրենքում սահմանված չէ, ինչը լուրջ բացթողում է համարվում, բայց և միաժամանակ անհնար է սահմանել խոշոր չափեր նշված երևույթների նկատմամբ: Ավելին, օրենքի բովանդակությունից հետևում է, որ արարքը կարող է որակվել քր. օր.-ի հոդված 154.1-ի երկրորդ մասով միայն այն դեպքում, երբ կատարվել է միաժամանակ և´ խոշոր չափերով, և´ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Մի խումբ անձանց կողմից արարքի կատարումը արդեն իսկ պատասխանատվությունը խստացնող և արարքը որակյալ դարձնող հանգամանք է և բնավ անհրաժեշտ չէ որպեսզի այն իրականացված լինի խոշոր չափերով: Այս առումով նախագծով առաջարկվող լրացումը ըստ էության պատասխանատվությունը խստացնող բնույթի է:

Ձայների գնման դեպքերի կանխման, նման հանցավոր երևույթները բացահայտելու ու դրանց դեմ պարքարի արդյունավետությունը բարձրացնելու կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ընտրողի կամքի ազատ իրականացման խոչընդոտելուն վերաբերող 154.2-րդ հոդվածը լրացվել է խրախուսական հատուկ նորմով, համաձայն որի՝ ընտրակաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ մասին ոչ ուշ քան 3 օր հետո կամավոր հայտնում է իրավապահ մարմիններին: ՀՀ քր. օր.-ի հոդված 154.2-ը պատասխանատվություն է սահմանում ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար: Քննարկվող հանցագործության հիմնական անմիջական օբյեկտը ընտրությունների անցկացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Լրացուցիչ անմիջական օբյեկտի դերում հանդես են գալիս մարդու կյանքը, առողջությունը, ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը: Կախված ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու եղանակից օրենսդիրը տարբեր կերպ է նկարագրում տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը:

Մասնավորապես, քր. օր.-ի հոդված 154.2-ի առաջին մասը պատասխանատվություն է սահմանում թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալու համար: Սակայն կաշառք ստանալը, ըստ էության, չի կարող ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտել համարվել: Այլ հարց է ընտրակաշառք տալը: Ուստի, առավել նպատակահարմար կլիներ ընտրակաշառք ստանալու համար առանձին հանցակազմ նախատեսել:

Back to top button