Վերլուծական

Սիրիայի հեղհեղուկ զինադադարը

karenghazaryan

Սիրիայում հաստատված խաղաղությունը հեղհեղուկ է: Դրանով Սիրիայի խնդիրը  չի լուծվել: Եթե զինադադարը չի հանգեցնում հաշտության, ապա լուրջ արդյունք ակնկալելը իրատեսական չէ: Այս համոզմունքին է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի համոզմամբ էլ՝ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում միտված են 3-րդ համաշխարհային պատերազմի կանխմանը, մինչդեռ Արեւմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում: Կիսելով այս տեսակետը՝ Գուրգեն Եղիազարյանն էլ կարծիք է հայտնել,  որ Արեւմուտքը  չի ներկայացնում իրականությունը՝ լռելով Թուրքիայի պահվածքի մասին:

 

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ Սիրիայում ուժի մեջ մտած զինադադարը կնքվել է մեկ նպատակով՝ կասեցնել Ասադի եւ դրանով իսկ՝ Ռուսաստանի առաջխաղացումն ու նրա դիրքերի ամրապնդումը Սիրիայում եւ տարածաշրջանում: Չաքրյանի գնահատմամբ՝ գործընթացները Ռուսաստանի օգտին են, ուստի՝ նաեւ այդ հաշվարկներով չցանկացավ հակառակվել Միացյալ Նահանգներին:

ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի գնահատմամբ՝ «Ռուսաստանի ջանքերը իսկապես ուղղված են երրորդ համաշխարհային պատերազմը կանխարգելելուն: Մեզ համար այդ ջանքերը ողջունելի են, քանի որ ուղղված են նաեւ տարածաշրջանի կայունության ապահովմանը»։

Մկրտիչ Մինասյանը, սակայն, կարծում է, որ Արեւմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում եւ չի նկատում Թուրքիայի գործողությունները, դրանով իսկ՝ հաշվի չառնելով նաեւ համաշխարհային հանրության շահերը:

Այս տեսակետը կիսում է նաեւ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Անդրադառնալով գործընթացներում Հայաստանի պահվածքին՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ չի կիսում այն մոտեցումները, թե կա պասիվություն:

Անդրադառնալով զինադադարի նկատմամբ Թուրքիայի խիստ բացասական վերաբերմունքին՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը նկատեց, որ վերջինը ցանկանում էր զորք մտցնել եւ իր ազդեցությունը տարածել այնտեղ։ «Ռուսաստանի օդուժի հարվածները լրիվ տակնուվրա արեց Թուրքիայի բոլոր հաշվարկները»:

Չաքրյանի գնահատմամբ՝ Թուրքիան ցանկանում էր նաեւ ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին ներքաշել իր մտադրությունների իրականացման մեջ, ինչը չհաջողվեց: ՆԱՏՕ-ն չի ցանկանում խառնվել սիրիական պատերազմին, իսկ ԱՄՆ-ն էլ արդեն ակնարկել է, որ Թուրքիան այլեւս իր ռազմավարական վստահելի դաշնակիցը չէ:

Ըստ թուրքագետի՝ Արեւմուտքի համար Ասադին հեռացնելն այլեւս առաջնային չէ, քանի որ նման դեպքում կարող է առաջանալ անկառավարելի քաոս: «Ամերիկացիները, միգուցե, քաոսին դեմ չեն, բայց դեմ չեն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարելի է»,- ասում է։

Չաքրյանը հաստատված հրադադարը հեղհեղուկ վիճակ է համարում, քանի որ եթե զինադադարը չի հանգեցնելու հաշտության, ապա դրանից որեւէ վերջնական արդյունք ակնկալելն իրատեսական չէ: Նա կարծում է, որ Ռուսաստանը երկար կմնա Սիրիայում՝ իր ռազմաքաղաքական ներկայությամբ, քանի որ հիմա էլ այլեւս ամբողջ նախաձեռնությունը Ռուսաստանի ձեռքում է եւ Միացիալ Նահանգներն էլ տարածաշրջանում երբեք այսքան թույլ չի եղել:  Միաժամանակ, թուրքագետը նկատեց, որ Սիրիայի խնդիրն առանց ԱՄՆ-ի լուծում չի գտնի:

Back to top button