Հասարակություն

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է միջինքը

sonahakobyan
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր նշվելու է Միջինքը, որով ըստ էության կիսվում է Մեծ Պահքը: Թեմում տեղի կունենա տոնախմբություն` Միջինքի ուտեստների ու բաղարջ հացի հյուրասիրությամբ: Ի դեպ` բաղաջահացի մեջ օրհնած խաչ է դրվելու: Միջնքի ավանդույթն այսօր երիտասարդների օգնությամբ վեր է հանվում ու մասսայական դարձնելու փորձ արվում: Ներկայացնելով Միջինքի խորհուրդը՝  Սուրբ Սարգիս եկեղեցու հովիվ Պետրոս ավագ քահանա Մալյանը նշել է, որ միջինքով պահքը չի լուծարվում: Թեմի տեղեկատվական բաժնի Թեմական ծրագրերի համակարգող Հասմիկ Միրզոյանն էլ ներկայացրել է տոնի ժողովրդական սովորությունները:

 

 

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է միջինքը: Միջինքը Մեծ Պահքի 24-րդ օրն է, որով էլ, ըստ էության, կիսվում է  Մեծ Պահքը: Ներկայացնելով Միջինքի խորհուրդը՝  Սուրբ Սարգիս եկեղեցու հովիվ Պետրոս ավագ քահանա Մալյանը նշեց, որ Միջինքը, մեր այն տոներից է, որը տասնյակ տարիների ընթացքում մոռացության էր մատնվել, բայց երիտասարդության շնորհիվ այսօր դարձյալ վեր է հանվում:

Եկեղեցական տոները մշտապես ուղեկցվել են ժողովրդական սովորույթներով, ուստի անդրադառնալով ժողովրդական ավանդույթներին, նշենք, որ այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։ Միջինքի ուտեստների ու բաղարջ հացի հյուրասիրություն է նախատեսվում նաև Արարատյան հայրապետական թեմում, հայտնեց Թեմի տեղեկատվական բաժնի Թեմական ծրագրերի համակարգող Հասմիկ Միրզոյանը:

Բավականին հետաքրքիր է Միջինքը կտրելու ծեսը: Ավանդույթի համաձայն՝ երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրում էր։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնից որ նշանը դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր համարվում։

Ի դեպ՝ Հին Ջուղայում հավատում էին, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ, դանակը դիպչեր նշանին, ընտանիքի ապրուստի աղբյուրը հողն էր լինելու, քանի որ դանակը նույնացվում էր գութանի խոփի հետ։ Ուստի նման պարագայում՝  հաջողությունը վերագրվում է ընտանիքի բոլոր անդամներին։

Back to top button