ԿարևորՔաղաքական

Ա. Զաքարյան. Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրները ԼՂ հիմնախնդրի հետ կապելը խաբկանք է

hasmikmartirosyan

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի Բաքվում արած հայտարարությունների շուրջ «Ռադիոլուրը» պարզաբանումներ է խնդրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից։

«Ռադիոլուր». Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը Բաքվում հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքների» հարցը պետք է լուծվի: «Ադրբեջանը դեռևս բախվում է ղարաբաղյան հակամարտության հետևանքների հետ, ինչը ոչ միայն անկայուն իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում, այլև բացասաբար է անդրադառնում երկու երկներում մարդու իրավունքների և օրենքի գերակայության տեսանկյունից»,- ասել է Ագրամունտը:

Ա. Զաքարյան. Ադրբեջանում մարդու իրավունքների ու օրենքի գերակայության խնդիրները Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելը խաբկանք է, և ցավում եմ, որ դրա  ազդեցության տակ կարող է ընկնել նաև ԵԽԽՎ նախագահը: ԵԽԽՎ-ն շատ բարձր և պատասխանատու կառույց է, ու այն կարող է հստակ տարանջատել մարդու իրավունքների ու ժողովրդավարական հաստատությունների իրավիճակը Ադրբեջանում և Հայաստանում: Հայաստանը երբեք չի ասում, որ իմ սահմաններին Ադրբեջանը կրակում է խաղաղ բնակչության վրա, դրա համար էլ մենք չենք զբաղվում Հայաստանում ժողովրդավարության առաջընթացով: Ժողովրդավարության զարգացումը որևէ կապ չունի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հետ, և վաղուց մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ամրապնդումը մեր իշխանությունների օրակարգային կարևոր հարցերից մեկն է:  Ընդհակառակը՝ ժողովրդավարական Ադրբեջանն ավելի հեշտ ու արագ կգտնի հակամարտության կարգավորման բանալին՝ հօգուտ հենց իր իսկ հասարակության: Շատ օգտակար կլիներ, եթե պարոն Ագրամունտը ԵԽԽՎ-ում իր նախագահության տարիներին  օգներ Ադրբեջանին՝ զերծ մնալ հակամարտությունը ծայրաստիճան սրելուց, քաղաքացիական անձանց վրա կրակելուց, վստահության ճգնաժամը խորացնելուց:

ԵԽԽՎ-ն իմ կարծիքով ունի երկու շատ կարևոր անելիք՝

  1. աջակցել ԵԱՀԿ ՄԽ խաղաղ կարգավորման գործընթացին և զերծ մնալ միակողմանի հայտարարություններից,
  2. նպաստել, որպեսզի հակամարտության բոլոր կողմերի մոտ քայլ առ քայլ ձևավորվի վստահության մթնոլորտ:

 

«Ռադիոլուր». ԵԽԽՎ նորըտիր նախագահի ադրբեջանամետ դիրքորոշումը ինչ կերպ կանդրադառնա եվրոպական կառույցում հայ պատվիրակության աշխատանքի վրա, և հակընդդեմ ինչ մեխանիզմներ են կիրառվելու մանաթային դիվանագիտությանը:

Ա. Զաքարյան. Քանի որ գործ ունենք բազմաշերտ քաղաքականացված խորհրդարանական մեծ կառույցներից մեկի հետ, որի օրակարգը շատ լայն է, մեր պատվիրակությունը հաշվի առնելով տարբեր հանգամանքներ ու հատկապես վերջին զարգացումները, պետք է կարողանա առավել ակտիվ ու հետևողական լինի ԵԽԽՎ-ում: Անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ հատկացնել ԵԽԽՎ օրակարգային տարբեր հարցերին, ակտիվացնել մասնակցությունը և ներգրավվածությունը, որոշ դեպքերում հանդես գալ նախաձեռնողականությամբ, ինչպես նաև թույլ չտալ, որպեսզի երբևէ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական ու պրոադրբեջանական ապատեղեկատվությունը դառնան գերիշխող տեսակետ: Սա, իհարկե, բարդ աշխատանք է, այն շատ ջանքեր ու ժամանակ է պահանջում և պահանջելու է անընդհատ: Այլ տարբերակ ես չեմ տեսնում:

Back to top button