ԿարևորՔաղաքական

Ս. Օհանյան. Ամեն ինչ արվում է՝ ազգային եւ միջազգային երաշխիքների ձեւավորմամբ հակառակորդին զսպելու համար

karenghazaryan

Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն այսօր հանդիպել է ԳԱԱ նախագահության անդամների, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների եւ գիտնականների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ԳԱԱ-ի եւ ՀՀ ՊՆ միջեւ հետագա փոխհամագործակցության վերաբերյալ հարցեր:

 

Գիտության կաճառի եւ մեր երկրի պաշտպանական գերատեսչության փոխհամագործակցությունը ներառում է երկու ուղղություն: Առաջինը հայ գիտնականների հանդիպումներն ու դասախոսություններն են զորամասերում, որոնք բարձրացնում են հայ զինվորի գիտելիքներն ու հայրենասիրական ոգին: Մեր երկրի պաշտպանական գերատեսչության եւ գիտության կաճառի միջեւ փոխգործակցության երկրորդ ուղղությունն առնչվում է հանրապետության պաշտպանունակության բարձրացման գործում ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների մշակումներին: Այս հարցի հետ կապված պաշտպանական գերատեսչության ղեկավարի եւ գիտնականների միջեւ քննարկումները ծավալվեցին փակ ռեժիմով:

Մինչ այդ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց  բանակի ներկա վիճակի հետ կապված խնդիրները, տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները եւ այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ առավել լավ բանակ եւ է՛լ ավելի պաշտպանված հայրենիք ունենալու համար:

Նախարարը կարեւոր ձեռքբերում համարեց, որ արտակարգ պատահարները բանակում հասցվել են նվազագույնի։ Նախարարը շեշտեց, որ առավել գնահատելի է այն կառույցի ու անհատի գործունեությունը, որ բացահայտում ու ներկայացնում են առկա թերությունները: Երբ կողքից են դա անընդհատ ասում՝ նշանակում է կա համակերպվածություն այդ թերությունների հետ, ինչն էլ նշանակում է՝ դրանց մասնակից լինել: Այդպիսիներից պետք է ձերբազատվել, շեշտեց նախարարը:

Արձագանքելով սահմանային իրավիճակին եւ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությանն առնչվող հարցին՝ Սեյրան Օհանյանը նախ շեշտեց, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ բանակցություններով  կարգավորելու համար, մինչդեռ, մեր հակառակորդը չի ցանկանում կառուցողական աշխատանք տանել եւ պարբերաբար խախտում է հրադադարի կնքված պայմանագիրը:

«Սա խոսում է նրա մասին, որ հակառակորդը հետեւողականորեն լարում է իրավիճակը՝ մեկ նպատակ ունենալով. առաջին հերթին՝ քաղաքական նպատակներ երկրի ներսում եւ նաեւ քաղաքական նպատակներ միջազգային ասպարեզում՝ հայկական կողմի վրա ազդելու եւ միակողմանի ինչ-որ առավելություններ ունենալու համար՝ չհասկանալով, որ մենք, ինչպես ՀՀ նախագահն է շեշտել, պատերազմից վախենում ենք, սակայն՝ կռվելուց չենք վախենում։ Այսինքն՝ մենք պատրաստ ենք մեր երկիրը ու հատկապես նրա սուրբ մաս հանդիսացող Արցախը պաշտպանել: Այս իրականության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունն ամեն օր է պատրաստվում պատերազմի եւ ես ՊՆ-ի եւ գլխավոր շտաբի պետի եւ նրան ենթակա բոլոր կառույցների կողմից տարվող աշխատանքն եմ տեսնում»:

Պաշտպանության նախարարը միաժամանակ հավելեց, որ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներն այսօր չեն խոսում այն մասին, որ կարող է լայնամասշտաբ մարտական գործողություններ ծավալվել եւ պատերազմ սկսվել, քանի որ ամեն ինչ արվում է՝ ազգային եւ միջազգային երաշխիքների ձեւավորմամբ զսպելու այդ բոլոր նկրտումներն ու նպատակները: «Բայց, եթե լինեն մարտական գործողություններ, ինչ արած, մենք անկասկած պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»,- եզրափակեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Back to top button