Հասարակություն

Գ. Ջհանգիրյան. Մարտիմեկյան իրադարձություններն իրավական հստակ գնահատական չունեն

lusinevasilyan

Մարտի 1-ի իրադարձություններից ութ տարի անց. թեմային այսօր անդրադարձել է  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Գագիկ Ջհանգիրյանը: Նա առավելապես խոսել է  մարտի 1-ի  իրավական դասերի մասին:  Ութ տարի անց էլ  մարտիմեկյան իրադարձություններն իրավական հստակ գնահատական չունեն,  արձանագրել է Ջհանգիրյանը:

 

10 զոհ, մի քանի հարյուր վիրավոր, մոտ 90 դատապարտված. մարտիմեկյան իրադարձությունների այս թվային ամփոփման մեջ գլխավոր կամ ամենացավալի հարցը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ  Ջհանգիրյանը համարում է  զոհերի համար պատասխանատվության կանչվածներ ու ենթարկվածներ  չունենալը: «Անցել է 8 տարի, բայց սայլը տեղից չի շարժվել»,- ասում է։

10 զոհերի մահվան հանգամանքների չբացահայտումը Ջհանգիրյանը վերագրում է իշխանությունների կամքի ու ցանկության պակասին: Նրա ամփոփմամբ՝ մարտիմեկյան իրադարձություններն իրավական հստակ գնահատական առայժմ չունեն: «Մինչև վերջ ուսումնասիրված , քննված չէ իրադարձություններին պետական այս կամ այն կառույցի մասնակցության կամ  դերակատարության հարցը»:

Մոտ 6 տարի մարտի 1-ի զոհերի  գործը քննվում էր  մեկ քրեական գործի շրջանակներում:  2014-ի նոյեմբերին՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող  քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ առանձնացվեցին: Դատախազն ընդգծել էր, որ յուրաքանչյուր զոհի գործի անջատումը ընդհանուրից բացառապես իրավական գործընթաց է՝ միտված գործի քննության արդյունավետության ապահովմանը:

Այս անջատումից հետո էլ քրեական գործի քննությունը լուրջ շրջադարձեր չի արձանագրել:  «Ցավոք՝ լուրջ տեղաշարժ չկա, և այդ տակտիկական հնարքը արդյունքի չի բերել: Կարծում եմ ՝ գործերը միացնելը կամ  առանձնացնելը չեն բերելու արդյունքի սպանությունները բացահայտելու հարցում»:

Մարտի 1-ի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Դրան զուգահետ   հարցը վիճարկվում է նաև ՄԻԵԴ-ում: 5 տարի առաջ զոհերի հարազատները Եվրադատարան ուղարկած գանգատով  պահանջել են ճանաչել կյանքի, խոշտանգումներից  զերծ մնալու, արդյունավետ քննության, համարժեք փոխհատուցման և այլ իրավունքների խախտումները։ Գործն այժմ կոմունիկացիայի՝  հարցուպատասխանի փուլում է:  Ըստ վերջին զարգացման՝ կառավարությունը 2 ամիս ժամանակ է խնդրել,  հայցում բարձրացրած հարցերին պատասխանելու  համար:

Եվրադատարան  բողոքներ են գնացել նաև Մարտի մեկի դեպքերի առիթով կալանավորված  անձանցից։ Նրանցից մեկը Գագիկ Ջհանգիրյանն է: Այս բողոքների քննությունը, վերջինի փոխանցման հարցուպատասխանի փուլն արդեն անցել է: Դիմողներն սպասում են վճիռների կայացմանը:

Back to top button