ԿարևորՔաղաքական

Հայաստանը դատապարտում է Մերձավոր Արեւելքում բարբարոսությունները

«Հայտնի է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը դիտարկում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը՝ որպես այդ կազմակերպության նպատակ: Այդ իրավունքը ներառված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային միջնորդների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների մեջ: Հայաստանը լիովին կիսում է այդ մոտեցումը, քանի որ, ըստ էության, առանց այս իրավունքի ազատ և լիարժեք իրականացման, մարդու իրավունքների մի ամբողջ շարք դառնում է անհասանելի, իսկ տևական խաղաղությունը՝ վտանգված»,-Ժնեւում այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանը՝  ‎ՄԱԿ- ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանում իր ելույթի ընթացքում։

 

ՀՀ արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյան|ի ելույթը ‪ ‎ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանում

Պարոն նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Մարդու իրավունքների խորհրդի արդյունավետ գործունեության տասը տարիներն ինքնին ձեռքբերում են, սակայն, միևնույն ժամանակ և մեծ պատասխանատվություն: Այս վերջին տարիների փորձառությունը ցույց տվեց, որ մարդու իրավունքները, խաղաղությունը և անվտանգությունը փոխկապակցված են:

Այսօր աշխարհը հայտնվել է աննախադեպ սպառնալիքների առջև: Մենք բախվում ենք ատելության, այլատյացության և ռասայական խտրականության աճի, բախվում ենք այնպիսի իրավիճակների, որտեղ լրջորեն վտանգված է մարդու կյանքի իրավունքը, քանզի պատերազմները և զանգվածային բռնությունները շարունակում են հազարավոր անմեղ մարդկային կյանքեր խլել ամբողջ աշխարհում:

Հայաստանը դատապարտում է իր անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանում` Մերձավոր Արևելքում, «ԴԱԻՇ»-ի, Ալ-Նուսրայի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից իրականացվող բարբարոսությունները, մարդկության դեմ հանցագործությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների գոյության համար, այդ թվում` հայերի, ովքեր դարեր շարունակ եղել են Մերձավոր Արևելքի մշակութային բազմազանության բաղադրիչը:

Հակամարտության հետևանքով շուրջ 20 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում. մեր երկիրը դարձել է բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունող ամենամեծ երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք ողջունում ենք սիրիացի փախստականներին ընդունելու ուղիների շուրջ համընդհանուր պատասխանատվությունը կիսելու վերաբերյալ բարձր մակարդակով հանդիպում գումարելու նախաձեռնությունը, որը տեղի կունենա մարտ ամսվա վերջին Ժնևում:

Իր գոյության տասը տարիների ընթացքում Մարդու իրավունքների խորհուրդն առանցքային դեր է խաղացել ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: Միջազգային հանրությունում առկա է ամրապնդվող միակարծություն, որ կանխարգելումը կլինի արդյունավետ, եթե այն ուղեկցվի անպատժելիության, իրագործված ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարով:

Հայաստանը շարունակաբար աշխատում է ցեղասպանության կանխարգելման հայեցակարգի համալրման վրա և պարբերաբար Մարդու իրավունքների խորհրդին է ներկայացնում համապատասխան բանաձևեր:

Նախորդ տարվա մարտին Մարդու իրավունքների խորհուրդը Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև: Օգտվելով առիթից` ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն պետություններին, որոնք մեզ հետ միասին համահեղինակեցին բանաձևը և աջակցեցին նրա ընդունմանը: Ի շարունակություն այդ նախաձեռնության՝ Հայաստանը ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում ներկայացրեց բանաձև` դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին:

Այս տարի լրանում է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային դաշնագրերի ընդունման 50-ամյակը: Զույգ դաշնագրերի առաջին հոդվածում նշված է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»: Հայտնի է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը դիտարկում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը՝ որպես այդ կազմակերպության նպատակ:

Այդ իրավունքը ներառված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային միջնորդների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների մեջ: Հայաստանը լիովին կիսում է այդ մոտեցումը, քանի որ, ըստ էության, առանց այս իրավունքի ազատ և լիարժեք իրականացման, մարդու իրավունքների մի ամբողջ շարք դառնում է անհասանելի, իսկ տևական խաղաղությունը՝ վտանգված: Մենք համամիտ ենք ՄԱԿ-ում արտահայտված այն տեսակետին, որ ինքնորոշումը ժողովրդավարության դրսևորում է, իսկ դրա իրականացումն էական դեր է խաղում խաղաղության վրա հիմնված միջազգային կարգ հաստատելու գործում:

Համաձայն Ժնևյան կոնվենցիաների՝ որևէ պարագայում քաղաքացիական բնակչությունը չի կարող լինել հարձակման թիրախ և պետք է լինի պաշտպանված: Հայաստանը խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների շարունակական թիրախավորումը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպիտ խախտում է: Այս դեպքերը պահանջում են միջազգային կառույցների անհապաղ արձագանքը:

Պարոն նախագահ,

Ցանկանում եմ մի քանի խոսքով անդրադառնալ Հայաստանի՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորություններին և մարդու իրավունքների պաշտպանության օրակարգում տեղի ունեցած նոր զարգացումներին:

Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և խթանմանը՝ շարունակելով համապատասխան միջազգային կառույցների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Մենք ակտիվորեն աշխատում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտում գործող բոլոր մեխանիզմների հետ, ներառյալ՝ հատուկ ընթացակարգերը և պայմանագրային մարմինները:

Նախորդ դեկտեմբերին Հայաստանում անցկացված համազգային հանրաքվեի արդյունքում հավանության են արժանացել ՀՀ սահմանադրական բարեփոխումները, որոնք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից բնութագրվել են որպես «չափազանց բարձր մակարդակի» և «միջազգային չափանիշներին համապատասխան»: Դա հերթական կարևոր քայլն էր նաև վերը հիշատակված նպատակների իրականացման ուղղությամբ:

2015թ. Հայաստանն անցել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման երկրորդ փուլը: Նախորդ տարվա նոյեմբերին կայացել է կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը, որի ընթացքում քննարկվել է Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում արված առաջարկությունների իրականացման գործընթացը: Հայաստանի կառավարությունը ներկայացնելու է արձանագրված առաջընթացի վերաբերյալ: ՀՊԴ-ից և ՄԱԿ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներից բխող առաջարկությունների հաջող իրականացումն առավել ամրապնդելու է Հայաստանի վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում և նպաստելու օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդմանը:

Շնորհակալություն:

 

 

Back to top button