Մշակույթ

ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի ազգային կոմիտեն գրասենյակային նոր տարածք ունի

Դեռևս 2014թ. Երևանի քաղաքապետարանը, ընդառաջ գնալով ԻԿՕՄՕՍ-Հայաստան կազմակերպության դիմումին,  Երևան համայնքի սեփականություն համարվող, Հանրապետության փողոցի 32 հասցեում գտնվող պատմական հուշարձան հանդիսացող շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է  Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի(ԻԿՕՄՕՍ) և Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնություն հասարակական կազմակերպություններին:

ԻԿՕՄՕՍ- Հայաստանը ստեղծվել է 2002թ. և արդեն 14 տարի մասնագիտական գործունեություն է  իրականացնում  Հայաստանի Հանրապետության  և նրա սահմաններից դուրս գտնվող հայկական ժառանգության պահպանության և  իրազեկման  նպատակով` գործունեության հիմքում դնելով միջազգային առաջատար փորձը, օրենսդրական գործիքներն ու  մեթոդաբանությունը: Չունենալով մշտական գրասենյակ՝ կազմակերպությունը տարիներ շարունակ գործունեություն է իրականացրել մի շարք մշակութային հաստատություններում:

ԻԿՕՄՕՍ-Հայաստանին հատկացված պատմամշակութային և ճարտարապետական մեծ արժեք ունեցող 19-րդ դարի շինությունն արտաքուստ պատված է քանդակազարդ վարդյակներով, իսկ ներսից պատված է գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող որմնանկարներով: Կազմակերպության անդամների ջանքերով վերանորոգվել է շինության մի հատվածը, իսկ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ ամրակայվել է որմնանկարների հատվածը, վերանորոգվել շինության տանիքը: Գրասենյակի վերանորոգված տարածքի  բացման խոսքում ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը երախտագիտություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ կազմակերպության խնդրանքին ընդառաջելու և  անհրաժեշտ տարածք տրամադրելու համար, ինչպես նաև  ՀՀ մշակույթի նախարարությանը՝ վերականգնման ծրագրի համար:

Գագիկ Գյուրջյանն ընգծել է, որ սա պետական կառույցների համագործակցության և համատեղ ջանքերով հուշարձանի վերականգնման և պահպանության  լավ օրինակ է: Գրասենյակի  բացման առիթով ողջույնի խոսք է ասել  նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ով կարևորել է ԻԿՕՄՕՍ-Հայաստանի դերը պատմամշակութային ոլորտի խնդիրները բարձրացնելու և լուծումներ գտնելու տեսակետից: Այսպիսով, ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի ազգային կոմիտեն այսուհետ ապահովված է շենքային պայմաններով: Կազմակերպությունը  նաև հոգ կտանի  հուշարձան-շենքի պահպանության և հետագա շահագործման համար:

Back to top button