Քաղաքական

Հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն է. Բունդեսթագի փոխնախագահ

ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Այս մասին հայտարարել է  փոխնախագահ  Էդուրադ Շարմազանովը Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ:

Շարմազանովի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել արցախյան հիմնահարցին կրոնական երանգ հաղորդելու ադրբեջանական կողմի փորձերը: Էդելգարդ Բուլմանը համաձայնել է ԱԺ փոխնախագահի հետ` կարևորելով ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը:

Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը առաջիկայում կընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը: Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին ընդգծել է, որ հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն է, որը պետք է դատապարտվի:

Էդելգարդ Բուլմանը նշել է, որ նախօրեին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի շուրջ քննարկումները դրական ազդակ էին Ցեղասպանության ճանաչման գործընթացում:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը գերմանացի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարելու Հայաստան:

Back to top button