Հասարակություն

Ստամբուլում տարեց կնոջ սպանության համար մեղադրվող Մուրադ Նազարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել

Ստամբուլի քրեական դատարանում ավարտվել է ազգությամբ հայ 85-ամյա Մարիցա Քյուչուքի սպանության առթիվ հարուցված քրգործը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ մեղադրյալ Մուրադ Նազարյանը նախ դատապարտվել է խստացված ռեժիմի ցմահ բանտարկության: Սակայն հաշվի առնելով դատավարության ընթացքում մեղադրյալի օրինակելի պահվածքը՝ դատական հանձնաժողովը որոշում է կայացրել հանել խստացված ռեժիմը:

Դատարանը որոշում է կայացրել նաև հայց ներկայացնել Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն՝ հանցանքի հնարավոր մյուս մասնակիցներին բացահայտելու պահանջով:

Դատական նիստի ընթացքում մեղադրյալի փաստաբանը պնդել է, թե գործով բոլոր փաստերը բացահայտված և  ուսումնասիրված չեն, իսկ իր պաշտպանյալը մեղավոր չէ: Փաստաբանը պահանջել է Նազարյանին անմեղ ճանաչել: Մեղադրյալը ևս պնդել է, որ ինքը մեղավոր չէ իրեն վերագրվող հանցանքում:

Հիշեցնենք, որ Մարիցա Քյուչուքը սպանվել էր 2012թ.՝ Ստամբուլի Ֆաթիհ շրջանի իր տանը: Մեծ դաժանությամբ սպանված տարեց կնոջ բազմաթիվ կոտրվածքներն ու այն հանգամանքը, որ տանից ոչինչ չէր գողացվել, հիմք էին դարձել այն վարկածի, որ սպանությունը կատարվել է ատելության հողի վրա՝ մեկից ավելի հանցագործների մասնակցությամբ:

Սակայն գործով դատարանի առաջ էր կանգնեցվել միայն Մուրադ Նազարյանը, ում մեղադրանք էր առաջադրվել առավել դաժանությամբ կատարված դիտավորյալ սպանության համար: Մեղադրական եզրակացությամբ Նազարյանի նկատմամբ պահանջվել էր սահմանել խստացված ռեժիմի ցմահ բանտարկությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
Back to top button