Հասարակություն

Առաջին ընթերցմամբ ընդունվել է «Պետտուրքի մասին» օրենքում լրացումներ առաջարկող օրինագիծը

lusinevasilyan
Ձայների  79 կողմ, 11 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ առաջարկող օրինագիծը: Կառավարությունը փորձում է կարգավորել օբսիդիանի հանքավայրերի շահագործման պայմանները՝  նվազեցնելով սահմանված պետական տուրքի դրույքաչափը:

«Տեղական ընկերությունները բարդությունների առջև են կանգնում օբսիդիանի հանքաքարի փաստաթղթավորված ձեռք բերման հարցում, քանի որ օրինական գրանցված և աշխատող օբսիդիանի հանքավայրեր ներկայումս չկան»,- երեկ քննարկման ժամանակ ասել էր էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:

Ըստ նախագծի ՝ այսուհետ օբսիդիանի յուրաքանչյուր հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման համար կսահմանվի տարեկան 100 հազար դրամ տուրք:

Նախագծի վերաբերյալ երեկ իր մասնագիտական վերապահումներն էր ներկայացրել Հրանտ Բագրատյանը. նա  այսօր էլ դրանք հիշեցրել է քվեարկությունից առաջ, ինչին տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն է  արձագանքել:

Բագրատյանը հայտարարել է, որ նախագիծը տուրքի մասին չէ. «Եթե  միայն քվերակելով է, բերեք  քվեարկենք, Մուշն ու Վանն էլ միացնեք Հայաստանին, պրծնի գնա»: Օրենքը պետական տուրքի մասին է և վերաբերում է տուրքին՝ հակադարձել է  Վարդան Այվազյանը ու նշել, որ երեկ քննարկված  առաջարկներն օրենսդրական այլ կարգավորումներով լուծվելիք խնդիրներ են:

Խորհրդարանն այժմ քննարկում է մեկ այլ օրինագիծ, որով կրկին փոփոխություններ են առաջարկվում «Պետական տուրքի մասին» օրենքում, բայց կարգավորումները  բխում են  ԵԱՏՄ շրջանակներում արտաքին առևտրի պայմանների կանոնակարգման անհրաժեշտությունից:

Ըստ նախագծի՝  արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքների երրորդ երկրներից ներմուծման և երրորդ երկրներ արտահանման լիցեզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր տրամադրելու համար կսահմանվի 1000 դրամ տուրք: Նախագիծը կրկին արժանացել է Հրանտ Բագրատյանի քննադատությանը: Նրա հարցին, թե ո՞ր պայմանագրի ո՞ր կետով է այս տուրքը սահմանվում, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը փաստաթուղթը ԵՏՄ հիմանկան պայմանագիրն է մատնանշել ու նաև բացատրել.  «Սա մեր պարտավորությունների շրջանակն է , ուզենք թե չուզենք պետք է այդ լիցենզիաներն ու արտոնագրերը տանք: Թե Ռուսաստանում, թե Ղազախստանում, հավատացեք,  այդ տուրքերն անհամեմատ բարձր ենք: Մենք էլ ինչ ենք արել, 1000 դրամ տուրք ենք սահմանել, դարձերեցիք հայկական  հարց»:

Back to top button