Հասարակություն

Պաշտպանության նախարարը՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, շրջել է ձեռնարկության տարածքում և ծանոթացել այստեղ կատարված շինարարական աշխատանքներին:

Ձեռնարկության տնօրեն Արսեն Թառոյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի շնորհանդեսային կենտրոնի վերանորոգված տարածքն ու կենտրոնի գործարկման հետ կապված հարցերը: Ներկայացվել են նաև ձեռնարկությունում իրականացվող ծրագրերն ու առաջիկա նախագծերը: Շրջայցի ընթացքում Արսեն Թառոյանն անդրադարձել է ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների զարգացման հեռանկարներին և հանդես եկել համագործակցության մի շարք առաջարկություններով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը դրական է գնահատել գիտահետազոտական ձեռնարկությունում կատարված աշխատանքները, առաջարկություններ արել շնորհանդեսային կենտրոնի կահավորման և գործարկման վերաբերյալ, ինչպես նաև հորդորել է ամրապնդել ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի, ձեռնարկությունների և տնտեսության այլ ճյուղերի կապն ու մտածել սպառման խնդիրների մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ինտերնետային նոր հանգույցի ստեղծման գաղափար, որտեղ պետք է ներկայացված լինեն հայկական բոլոր ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքները:

Back to top button