Մշակույթ

Այսօր Վահագն Դավթյանի մահվան օրն է

aidaavetisyan

Այսօր լրանում է հայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս ու հասարակական գործիչ, ակադեմիկոս Վահագն Դավթյանի մահվան  20-ամյա տարելիցը: Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն գրողի հիշատակի ու նրա արվեստի հավերժ մտորումները բարձրաձայնելու են եկել հարազատները, գրչակիցներն ու նրա պոեզիան գնահատողները;

 

Բանաստեղծ Վահագն Դավթյանը 4 տարեկան էր, երբ  ընտանիքը Արևմտյան Հայաստանի Արաբկիր գյուղաքաղաքից գաղթեց ու հաստատվեց Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում: Անցյալ դարի 30-ականներին արաբկիրցիները Երևանում Նոր Արաբկիր թաղամասը հիմնեցին, որտեղ մոր և քրոջ հետ ինքն էլ հաստատվեց Երևանում, հետո հայրենիք եկավ նաեւ հայրը։ Դուստրը՝ Հասմիկ Դավթյանը,  այժմ ապրում է  հայրական տանը, ասում է տան ամեն մի անկյունը հոր մասին հիշողություններ են արթնացնում: Արդեն թոռների տեր տիկին Հասմիկի ականջին հոր խորհուրդները միշտ են զրնգում և յուրաքանչյուր  քայլ կատարելիս ինքն իրեն հարցնում է՝  ի՞նչ կմտածեր հայրս:

Գիրքը որպես պաշտամունքի առարկա էր հորս համար,ասում է դուստրն ու  հավելում՝ այդպես գրքասեր էլ դաստիարակեց զավակներին:

Պոեզիայի բազում ժողովածուներ՝ «Անքնություն», «Լույս առավոտի», «Ասք սիրո», «Լույսն իբրև հաց»  այլն, «Թոնդրակեցիներ» պոեմը, բեմադրված «Մհերի դուռ», «Ծիրանի ծառ» պիեսները, պատասխանատու աշխատանքներ տարբեր թերթերում և հանդեսներում, պետական ու հասարակական գործունեություն, և անթիվ ու անհամար հոդվածներ, գրականագիտական մեկնություններ:

Խորհրդային տարիներին  Վահագն Դավթյանը  չի ունեցել գնահատանքի պակաս: Գրողի ստեղծագործությունները տպագրվել են գրական թերթերում ու ամսագրերում, ասում է  գրականգետ Պետրոս Դեմիրճյանն ու  ավելացնում՝ Դավթյանը մեր մտապատկերում դաջվել է որպես քնարական գրող, սակայն 1988 թվականից հետո նրա մոտ փոխվել են մոտեցումները, որոնք  իրենց արտացոլումն են գտել նաև իր ստեղծագործություններում:

Վահագն Դավթյանը Հայաստան- Սփյուռք մշակութային երկխոսության կամրջի  հիմնադիրներից էր, Գրողների միության նախագահ Էդուրադ Միլիտոնյանի դիտարկումն է: Հայ անվանի գրողների ստեղծագործական բուռն գործունեությանը զարկ էին տալիս  Սփյուռքի մեր հայրենակիցների հետ  հանդիպումները, ասում է Միլիտոնյանը:  Անցյալ դարի 90-ականներին Վահագն Դավթյանը 4 տարի ղեկավարել է Հայաստանի Գրողների միությունը: Ստեղծագործական միության այժմյան նախագահ Էդուրադ Միլիտոնյանի հուշապատումներն այդ տարիներից են, երբ ստեղծագործական միությունը չուներ պետական աջակցություն։ 1988 թվականից հետո  առաջնահերթ խնդիր էր  միության շենքի պահպանությունը, այնուհետև՝ ստեղծագործական դժվարությունները հաղթահարելը:

Գրողների միությունը Վահագն Դավթյանից հետո ղեկավարած գրչակից ընկերներից Ռազմիկ Դավոյանն էլ նկատեց. «Վահագն ինձնից երբեք չի հեռացել, սակայն ինձ համար ցավ է, որ ի տարբերություն իր գրչակից մյուս ընկերների, Վահագն Դավթյանը չի ունեցել  իր անձնական քարոզիչը»:

Դավթյանի բանաստեղծություններն այսօր էլ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ հնչում են Հանրային ռադիոյով: Քարոզչամեքենան գրողի համար չի աշխատել, նկատում է Դավոյանը։

Հաջորդ տարի գրական աշխարհը կտոնի Վահագն Դավթյանի ծննդյան  95-ամյակը:

Back to top button