Մշակույթ

Սերգեյ Սմբատյան. «Մեր մեծագույն առաքելությունն է կատարել ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը»

Փետրվարի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը։ Այն կազմակերպել էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Փառատոնի փակման համերգում հնչել են Արամ Նազարյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» սիմֆոնիկ սյուիտը, Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (պրեմիերա), դաշնամուրի, գոսերի և լարային նվագախմբի համար «Հնչյունի թատրոն» կոնցերտային պոեմը, Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիան։

Ելույթ են ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Արուս Աճեմյանը (դաշնամուր), Մագդա Մկրտչյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցո-սոպրանո), Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն)։

Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը բարձր է գնահատում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որովհետև, ըստ նրա, երաժշտական այս տոնի ընթացքում ներկայացվում են 21-րդ դարում գրված ստեղծագործությունները, ինչը չափազանց հետաքրքիր և կարևոր է, քանի որ դա մեր ապագան է։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Սերգեյ Սմբատյանին և Երիտասարդական նվագախմբին այս հիանալի միջոցառման համար»,- նշում է Վարդան Աճեմյանը։ Խոսելով իր Չորրորդ սիմֆոնիայի մասին՝ կոմպոզիտորը նշում է, որ այն ստեղծել է 2014թ.,  գրված է մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար և նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սիմֆոնիան եռամաս կառուցվածք ունի (առաջին և երկրորդ մասերը կատարվում են առանց ընդմիջման): Երրորդ մասում կոմպոզիտորն օգտագործել է եկեղեցական զանգեր: Սիմֆոնիան գրված է այսօրվա հայացքով՝ խորհրդանշելով հաղթանակած և վերածնված ժողովրդի կերպարը, ով կերտում է իր նոր պատմությունը և փառահեղ ապագան:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նույնպես կարևորում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը մեզ բոլորիս, հատկապես ժամանակակից կոմպոզիտորների համար։ «Շատ ենք խոսում այն մասին, որ պետք է հնչի ժամանակակից երաժշտությունը, և ես հպարտ եմ, որ այդ ամենը մենք կյանքի ենք կոչում։ Մեր մեծագույն առաքելությունն է կատարել ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը։ Այսօր մենք նկատում ենք, որ կա միտում՝ մարդիկ ավելի շատ են հաճախում ժամանակակից երաժշտության համերգներին։ Հայաստանում ունենք շատ կոմպոզիտորներ, ում գործերը պետք է հնչեն, և աշխարհը պետք է լսի նրանց երաժշտությունը։ Այս փառատոնը լուծում է այդ խնդիրը»,- նշեց մաեստրո Սմբատյանը՝ ավելացնելով, որ եզրագծին հասած փառատոնը շատ հետաքրքիր էր՝ հագեցած բազմազան ծրագրերով, նոր երաժշտությամբ, պրեմիերաներով։

Յուրաքանչյուր տարի երաժշտական այս տոնը նվիրվում է հայ կոմպոզիտորներից մեկի հոբելյանին։ Այս տարի այն նվիրված էր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին և կրում էր Միրզոյան ֆեստ անվանումը։ Ո՞ւմ անունը կկրի Հայ կոմպոզիտորական արվեստի հաջորդ փառատոնը։ Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ միայն նվագախումբը չի որոշում այս հարցը. «Մենք ունենք շատ մեծ խորհուրդ՝ կազմված բազմավաստակ երաժիշտներից, ովքեր պատկերացնում են, թե ինչ է պետք անել՝ ունենալու համար լավ ապագա։ Ամեն տարի՝ փառատոնն ավարտելուց հետո, հրավիրվում է խորհուրդը՝ որոշելու հաջորդ փառատոնի անելիքները։ Առաջիկայում կորոշվի, թե ինչ ձևաչափով, բովանդակությամբ է հանդես գալու Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը։ Ինձ համար՝ որպես երաժշտի, ամենամեծ ձեռքբերումներից է այն, որ կոմպոզիտորները գրում են ստեղծագործություններ հատուկ այս փառատոնի համար։ Դա այսօր ամենամեծ արժեքն է երաժշտության մեջ»։

Back to top button