Հասարակություն

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ մեկնարկում է մանկապատանեկան գրքի երեւանյան տոնավաճառը

lenabadeyan
Այսօրվանից մեկնարկում է Մանկապատանեկան գրքի երեւանյան տոնավաճառը, որը արդեն ավանդական է դարձել եւ անց է կացվում 12-րդ անգամ: Միջոցառումն, ըստ մասնագետների՝ լավագույն եւ արդեն փորձված տարբերակն է մանուկ ընթերցողների եւ գրադարանների կապը հաստատելու համար:  Եռօրյա տոնավաճառի ընթացքում ՀՀ հրատարակիչները կներկայացնեն վերջին տարիների իրենց լավագույն հրատարակությունները: Կազմակերպիչներին այս տարի միացել է նաեւ ՀՀ-ում Իրանի դեսպանատունը՝ այստեղ իրենց մանկապատանեկան գրականությունը ներկայացնելու համար: Թեեւ տոնավաճառը արդեն մեկնարկել է, բայց պաշտոնական բացումը տեղի ունենալու վաղը՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ժամը 14.00-ին:

 

Տարիների փորձն արդեն ապացուցել է, որ Մանկապատանեկան գրքի երեւանյան տոնավաճառը ամենակենսունակ ցուցահանդեսներից է այս ոլորտում, ծառայում է իր նպատակին եւ ապահովում անհրաժեշտ կապը, ասում է «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը:

«Այս ցուցահանդեսը մեզ տալիս է հնարավորություն հյուրընկալելու երեխաներին: Տեսնելու, թե հատկապես առաջինը ո՞ր գիրքը վերցրեցին ձեռքները, որ տառատեսակը հավանեցին, որ նկարազարդումը»:

Սա ունի իր բացատրությունը: Մեր սակավաթիվ գրախանութներում մանկապատանեկան բաժիններն առանձնացված չեն եւ երեխայի հետ խանութ մտնելն ու երկարատեւ ընտրություն կատարելը բարդ աշխտանքի է վերածվում: Այլ իրավիճակ է մանկական գրադարաններում: Մասնավորապես Խնկո Ապոր անվան գրադարանը տարեկան ունի 18-20 հազար ընթերցող եւ 200-300 հազար այցելություն: Ցուցանիշն, ըստ էության, գոհացնում է գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին: Նա, ի դեպ, փաստում է. այսօրվա դրությամբ մանուկները մեծերից շատ ավելի ընթերցասեր են:

«Վերջին 10 տարիների համեմատությամբ թիվը կայուն է, հաճախելիությունը նորմալ: Ես սա չեմ կարող ասել ամբողջ Հանրապետության կամ հասարակության համար, թե ինչպիսին է ընթերցանության մականդակը, բայց ցուցվանիշները խոստումներլից են: Այսօր երեխան կարդում է, հատկապես կտսեր տալիքը շատ ակտիվ է հաճախում, ցավոք սրտի միջին եւ բարձր տարիքը ավելի պասիվ է»:

Ի դեպ, վաղը նաեւ գիրք նվիրելու միջազգային օրն է եւ այդ առիթով «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը հանդես է գալու նոր նախաձեռնությամբ՝ վերականգնելու ընթերցասերների ավանդույթներից մեկը՝ նվիրելուց առաջ գիրքը ընծայագրելու սովորությունը:

«Մեր կայքի միջոցով ստեղծել ենք այդ հնարավորությունը: Շաբլոններ չեն, դուք մտնում եք մեր կայք, որոշում, թե ում եք ուզում գիրք նվիրել, որ գիրքն եք ուզում նվիրել եւ մակագրում՝ ընծայագրում: Մենք ստանում ենք բոլոր հայտերը, տեսնում, թե որոնք են ամենատպավորիչները եւ ձեր փոխարեն նվիրում հենց այդ մարդուն՝ մեր գրատանը փետրվարի 19-ին ժամը 17.00-ին»:

Մանկական գրքերի պահանջարկին զուգահեռ վերջին շրջանում նկատվում է նաեւ գեղարվեստական` հատկապես թարգմանական գրքերի պահանջարկի մեծացումը, փաստում է հրատարակչության տնօրենը: Իսկ եռօրյա տոնավաճառի ընթացքում նախատեսվում են բարձրաձայն ընթերցանություններ, զրույցներ, գրքերի նվիրատվություններ, շնորհանդեսներ, էքսկուրսիաներ, հեքիաթապուտումներ եւ այլ միջոցառումներ:

Back to top button