Հասարակություն

Արմավիրի կենդանաբուսաբանական այգին՝ նաեւ կենդանիների փրկության կենտրոն

satikisahakyan

Արմավիրի կենդանաբուսաբանական այգին արդեն մի քանի ամիս իր խնամքին է վերցրել Գյումրու վայրի կենդանիների շրջիկ ցուցադրության մի քանի կենդանիների, որոնց  վիճակը բարվոք է, ապահովված են ամենօրյա սննդով:  Արմավիրի կենդանաբուսաբանական այգին զբաղեցնում է 8 հա  անտառածածկ տարածք՝ վայրի կենդանիների համար անհրաժեշտ քարե շինություններով ու ազատավանդակներով: Եվ այս ամենը վայրի կենդանիներ սիրող ու պաշտպանող սեփականատեր Արմեն Թադևոսյանի ձեռքերով ու բարի կամքով:

 

Արմավիր քաղաքի կենդանաբուսաբանական այգու տնօրեն Արմեն Թադևոսյանին  հանդիպեցի այն ժամանակ, երբ Արմավիրի հայկական զորամասից կեր էր բերում կենդանիներին: Պաշտպանության նախարարի թույլտվությամբ   շաբաթը 2 անգամ զորամասի ճաշարանի մնացորդները հատկացվում են վայրի կենդանիներին կերակրելու նպատակով:  Իհարկե, սա  սննդի հայթհայթման միակ աղբյուրը չէ, կենդանիներին սննդով ապահովում են առևտրի կենտրոնների սեփականատերերը,  անհատ անձինք, ում թռչուններին վնասել են թափառող շները և այլն:

Այս տարի լրանում է Արմենի վայրի գազանների խնամքով  զբաղվելու 35-րդ և այգու հիմնադրման 25-րդ տարին:  Ըստ Արմեն Թադևոսյանի՝  այգին  կենդանիների փրկության  կենտրոն է:

Առաջին ահազանգից Արմենը Գյումրուց Արմավիր է տեղափոխել մի քանի կենդանի, նրանց համար հարմար պայմաններ ստեղծել, ժամանակին կերակրում է, հետևում խնամքին:

Տարիներ առաջ Գյումրու շրջիկ գազանանոցից  իր խնամքին էր հանձնվել մեկ  առյուծ, որը 6 տարի հետո  նորից վերադարձվել էր տիրոջը:  Կենդանիների և բուսաբանական այգու հոգսը Արմեն Թադևոսյանի հետ կիսում են ընտանիքի անդամները: Դժվարությունները շատ են, սակայն սիրով են անում:

Խնդիր է նաև այգու ոռոգումը: Բուսաբանական այգին  Արմավիր քաղաքի նախկին  փշոտ անտառի մի մասն է կազմում, որը փրկվել է հատումից և որտեղ պահպանվել են բազմատեսակ  ծառերն ու թփեր, տնկվել՝ նորը: Արմավիրի քաղաքապետարանը տարեկան 800 հազար դրամ է  հատկացնում  կենդանաբուսաբանական այգու խնամքի ու պահպամնման համար,  50 տոկոս զեղչով էլ կազմակերպում ոռոգումը՝ խորքային հորի միջոցով: Այլ պետական աջակցություն այգին չունի: Արմեն Թադևոսյանը ևս 2 հա-ի վրա հիմնել է նոր այգի, սակայն չի ոռոգվում:  Խնդրի լուծման նպատակով  խոստացել է աջակցել Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Գոռ Մելիքյանը:

Օրերն արդեն տաքանում են և մեկ ամսից  Արմավիրի կենդանաբուսաբանական այգու մուտքի կրիաների արձանների դարպասները կրկին կբացվեն այցելուների ու հետաքրքրասերների առջև, այս անգամ տեսնելու նաև Գյումրու վայրի կենդանիներին:

Back to top button