Մշակույթ

Երգչախմբային երաժշտության՝ Միրզոյան ֆեստի շրջանակներում

Փետրվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում երգչախմբային երաժշտության երեկո էր. Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչում էին Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը: Երեկոն անցկացվում էր Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակներում։ Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Համերգի ընթացքում հնչել են Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը Տերյանական շարքից՝ «Անուշ անուրջով պաճուճիր հոգիս», «Կարծես թե դարձել եմ ես տուն» և այլն, ժողովրդական երգերի մշակումներ։

Արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ Ծովինար Մովսիսյանը, խոսելով կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի մասին, նշում է, որ նա բազմազան ու բազմաժանր ստեղծագործությունների հեղինակ է՝ օպերա, բալետներ, երեք սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային, կամերային-վոկալ, խմբերգային ստեղծագործություններ: Հովհաննիսյանի ստեղծագործական տարերքներից մեկն ու ոգեշնչման աբյուրը մարդկային ձայնն էր՝ իր ամենաբազմազան դրսևորումներով: Նրա ստեղծագործությունների շարքում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հանրահայտ երգերը՝ «Էրեբունի-Երևան», «Սարդարապատ», «Արփա-Սևան», «Հայոց լեռներում», որոնք արդեն ավելի քան չորս տասնամյակ հնչում են և հուզում ունկնդրին: «Կոմպոզիտորի երգերի հաջողության գաղտնիքն այն է, որ նա կարողացել է գտնել ժամանակի ինտոնացիոն բանալին, կարողացել է ականջալուր լինել ժողովրդի մտքերին ու ձգտումներին, քաղել երաժշտական ստեղծագործության այն ծիլերը, որոնք սկիզբ են առել ժողովրդի կյանքի ընդերքում: Հեղինակը ստեղծել է ժողովրդական երգերի տասնյակ խմբերգային մշակումներ: Նրա խմբերգերը քնարական են ու վեհաշուք, հարուստ մեղեդայնությամբ, աչքի են ընկնում բազմաձայնության ազգային դրսևորման վարպետությամբ»,- ասել է Ծովինար Մովսիսյանը:

Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հարություն Թոփիկյանը նկատում է, որ կամերային երգչախումբն առաջին անգամ է հանդես գալիս Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում։ Հ. Թոփիկյանը բարձր է գնահատում նման փառատոնի անցկացումը Հայաստանի երաժշտական կյանքում, քանի որ այն համախմբում, կենտրոնացնում է կատարողներին, երաժիշտներին և ունկնդրին։

Նշենք, որ ամեն տարի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրվում է հայ կոմպոզիտորներից մեկի հոբելյանին։ Այս տարի այն նվիրված է Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին և կրում է Միրզոյան ֆեստ անվանումը։

Back to top button