Հասարակություն

ԱԺ- ն ու ՊՆ- ն վերապահումով են մոտենում Հայաստանի պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթվին

alisagevorgyan

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող Պաշտպանության և անվտանգության ծրագրի շրջանականերում մշակվել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ, այլ ձևակերպմամբ՝ «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ»:  Այն միտված է վերլուծելու  պաշտպանության և անվտանգության համակարգերի հիմնական ռիսկային ոլորտները: Կոռուպցիոն ռիսկերը գնահատող  77 հարցից բաղկացած հարցաշարի հիման վրա երկիրը դասվում է A-F խմբերից որևէ մեկում, որտեղ  A խմբում կոռուպցիոն ռիսկերը շատ ցածր են, իսկ F-ում՝ շատ բարձր: Ծրագրի շրջանակներում իրականացվող  պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ 2015 գլոբալ ուսումնասիրության շրջանակներում  իրականացվել է նաև  ՀՀ պաշտպանության համակարգի  կոռուպցիոն ռիսկերի գնահատում, որը ներկայացվել է այսօր։

 

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ 2015 գլոբալ ուսումնասիրությունն ընդգրկել է  114 երկիր։ Ուսումնասիրության շրջանակներում  իրականացվել է նաև  ՀՀ պաշտպանության համակարգի  կոռուպցիոն ռիսկերի գնահատում, որի արդյունքում  ՀՀ-ն ընդգրկվել է D խմբում։ Այն համապատասխանում է պաշտպանության և անվտանգության  ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի առկայությանը: Ռիսկերի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են  ֆինանսական, գործողությունների և գնումների  ոլորտներում՝ համապատասխանելով E  խմբի չափանիշներին, որոնք բնութագրվում են  շատ բարձր կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ:

«ՀՀ Աժ-ն պաշտպանության ոլորտի վերահսկողության բավականին քիչ հնարավորություններ ունի, մասնավորապես՝ պաշտպանության քաղաքականությունն  ու ծախսերը խորհրդարանում քննարկման առարկա չեն դարձել: Կարևոր որոշումները, որպես կանոն, ընդունվում են առանց բավարար քննարկումների: Պաշտպանության նախարարության և  ոլորտին վերաբերող սահմանափակ տեղեկատվություն է հասանելի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Սա նշանակում է, որ հասարակական վերահսկողությունը և ներգրավվածությունըպաշտպանության քաղաքականության, գնումների և ծախսերի առաջնահերթությունների որոշման մեջ փաստացիորեն բացակայում է»,- ներկայացնելով  ուսումնասիրության արդյունքները՝ ասում է ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի  համակարգող  Արաքս Մելքոնյանը:

Ուսումնասիրությունն ընդհանուր առմամբ գնահատելով օգտակար և արդյունավետ՝ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այնուամենայնիվ ուներ մտահոգություններ։ «Հայաստանի պաշտպանության համակարգի  հակակոռուպցիոն համաթիվ 2015» ներկայացված ուսումնասիրության մեջ առկա անճշտությունները  չէին լինի, եթե ուսումնասիրությունն իրականացնող փորձագետները  փոխգործակցեին  ԱԺ համապատասխան  հանձնաժողովի հետ, ասաց։

Ուսումնասիրության մեթոդաբանության ու ներկայացված որոշ եզրահանգումների վերաբերյալ վերապահումներ ուներ նաև ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական , ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի  տնօրեն  Ալեքսանդր Ավետիսյանը։

 

Back to top button