Հասարակություն

Անձնական տվյալների ապօրինի օգտագործման սեւ շուկան վերահսկելը դժվար է.Շուշան Դոյդոյան

տեղադրված 13.38-ին
լրացված 15.40-ին

karenghazaryan
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մեր երկրում անձնական տվյալների պաշտպանության խնդիրներին՝ ներկայացնելով նաեւ նորաստեղծ գործակալության անելիքները: Այն, որ Հայաստանում զրոյական փորձ կա ոլորտում, Շուշան Դոյդոյանը համարում է մի կողմից լավ, մյուս կողմից՝ վատ: «Վատ է, քանի որ չկա հիմք, որի վրա կարելի էր հենվել եւ լավ է, քանի որ այդ փորձը կարող էր վատը լինել, եւ գործակալությունը ստիպված էր լինելու նախ այդ բացասական ազդեցությունները վերացնել»,-շեշտել է գործակալության պետը՝ վստահեցնելով, որ դրական պրակտիկա ձեւավորելու պարարտ հողում լավ հնարավորություն է տրված, որը փորձել են եւ շարունակելու են իրացնել անցած երեք ամիսներին:

 

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հիմնական նպատակը մեկն է՝ երաշխավորել, որ մարդկանց անձնական տվյալների մշակումն իրականացվի օրինական:

«Որպեսզի պետական եւ մասնավոր կազմակերպությունները, որոնք մշակում են մարդկանց անձնական տվյալները, դա անեն օրինական եւ անհրաժեշտ նպատակով եւ այն սահմաններով, ինչի համար որ սահմանվել է այդ նպատակը»:

Գործակալությունն իրեն չի համարում որպես պատժող պետական մարմին՝ թեեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով տրված են լուրջ լծակներ՝ վարչական վարույթ հարուցելու այն դեպքերում, երբ առկա է տվյալների մշակման անօրինական դեպք՝ ասաց Շուշան Դոյդոյանը: Նրա խոսքով՝ ավելի շատ կարգավորիչ եւ կանխարգելիչ գործառույթներ են ցանկանում իրականացնել: Այդ նպատակով փորձում են աշխատել ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր սեկտորների հետ:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի փոխանցմամբ՝ գործունեության դաշտը բավականին լայն է, հետեւաբար՝ անցած երեք ամիսներին հստակեցրել են առաջնային խնդիրները, խորհրդատվություններ են տրվել պետական ու մասնավոր ընկերություններին:

Առաջնային խնդիրներից մեկը կապված է ներկայումս լայն տարածում գտած տեսահսկման հետ, որը որեւէ կարգավորման չի ենթարկվում, բացառությամբ՝ ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող տեսահսկման, որի համար համապատասխան իրավական ակտ է ընդունվել: Շուշան Դոյդոյանն ասաց, թե արդեն մեկ վարչական վարույթ ունեն հարուցված՝ կապված հենց տեսահսկման խնդրի հետ:

Գործն ընթացքի մեջ է: Առաջիկայում պարզ կդառնա այս նախադեպային վարույթի ճակատագիրը, որի մասին գործակալությունը հրապարակավ կհայտնի: Շուշան Դոյդոյանն ասաց, որ առաջնային խնդիրներից է  նաեւ մարդկանց հեռախոսահամարները գովազդային նպատակներով օգտագործելու փաստը: Խնդիրը քննարկվում է, նաեւ՝ հեռախոսային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ: Պարզվել է, որ այս առումով էլ առկա է զարգացած սեւ շուկա, որը վերահսկել չափազանց դժվար է: Նրանց ձեռքում է հայտնվել հեռախոսատվյալների բազզա, որն էլ օգտագործում են ապօրինի:

Կլինեն առաջարկներ ու հստակեցումներ, որից հետո կհրապարակվի համապատասխան ուղեցույց: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը վստահեցրեց՝ գործընթացն սկսված է եւ շատ շուտով քաղաքացիները կզգան արդյունքը՝ նման ծառայություններից հրաժարվելու կամ ընտրություն անելու հնարավորության տեսքով:

Back to top button