Հասարակություն

Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է. որո՞նք են մանկական քաղցկեղի աճի պատճառները (լրացված)

տեղադրվել է ժամը 13։11- ին
լրացվել է ժամը 17։00- ին

aidaavetisyanhasmikmartirosyan

 

Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով  2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, կազմակերպել դրամային միջոցների հավաք՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը աջակցելու նպատակով:

Հայտնաբերել քաղցկեղը հիվանդ երեխայի մոտ դժվար է նույնիսկ մանկաբույժի համար: Այդ իսկ պատճառով շատ է  կարևորվում ծնողների ուշադրությունը` որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այդքան ավելի հավանական է բուժման բարենպաստ արդյունքը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության համաձայն` ամբողջ աշխարհում տարեկան 250 000 երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով և 90 000 երեխա տարեկան մահանում է քաղցկեղից:

Ըստ վիճակագրության` օնկոլոգիական հիվանդությունները (քաղցկեղը) զարգացած երկրներում, ընդհանուր առմամբ, 1-16 տարեկան երեխաների մահացության պատճառների շարքում երկրորդ տեղն են  զբաղեցնում: ԱՀԿ մասնագետների կարծիքով, վաղ, ճիշտ ախտորոշման և  ժամանակին բուժում ստանալու պարագայում չարորակ ուռուցքների 70 տոկոսը բուժվում է:

Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում նկատվում է չարորակ ուռուցքների հիվանդացության աճ` 3-4% տարեկան: Հայաստանում 2014թ., ընդհանուր առմամբ, առաջնային չարորակ ուռուցքի 8365 դեպք է ախտորոշվել, որոնցից 53-ը՝ մինչև 17 տարեկան երեխաներ են:

Վերջին 11 տարվա ընթացքում Հայաստանում 0-17 տարեկանում հայտնաբերվել է չարորակ նորագոյացություններով 767 առաջնակի հիվանդ, տարեկան միջինը` 70 հիվանդ: Հիվանդացությունը համեմատաբար բարձր է եղել 2004-ին (82 դեպք ) և 2005-ին (97 դեպք), այնուհետև տարեցտարի նվազել է՝ 2014 թվականին ընդամենը 53 դեպք:

Հիմնականում արձանագրվել են չարորակ ուռուցքների հետևյալ տեղակայումները՝

1. Արյունաստեղծ և ավշային համակարգի չարորակ նորագոյացություններ` 40%.
2. Գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի չարորակ նորագոյացություններ` 15%.
3. Ոսկրային հյուսվածքի չարորակ նորագոյացություններ` 11%.
4. Երիկամների չարորակ նորագոյացություններ` 7%.
5. Այլ տեղակայումներ (փափուկ հյուսվածքներ լյարդ,  աչք և այլն):

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում չարորակ ուռուցքներով  երեխաների բուժումը կատարվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում:

Քաղցկեղով հիվանդ երեխաներին հսկայական օգնություն է ցուցաբերում նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի աշխատանքները համակարգում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Այդ աջակցությունն արտահայտվում է հատկապես թանկարժեք ու հազվադեպ դեղորայքի ձեռքբերմամբ և որոշ թանկարժեք  հետազոտությունների փոխհատուցմամբ:

Երեխաների քաղցկեղի բուժման գրավականը վաղ ախտորոշումը, բուժման ժամանակակից մեթոդները և, իհարկե, հարազատների սերն ու հոգատարությունն են:

Back to top button