Հասարակություն

Հայաստանում արտագաղթողների մեջ առանցքայինը աշխատանքային միգրանտներն են

alisagevorgyan

«Եթե Հայաստանում ստեղծվեն 150-200 հազար դրամ ամսական մաքուր վաստակ ապահովող, ոչ բարձր որակավորում պահանջող բավարար թվով աշխատատեղեր, արտագնա աշխատանքային, մասնավորապես սեզոնային միգրանտների զգալի մասը կգերադասի մնալ երկրում»,- պարզել են  Հայաստանի միգրացիոն իրավիճակը ներկայացնող ամենաթարմ հետազոտության արդյունքները։ Դրանք «Ռադիոլուրին» է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

 

«Հայաստանից միգրացիոն հոսքերի մեջ աշխատանքային միգրացիան շարունակում է պահպանել իր առանցքային տեղը»,- ներկայացնելով մեր երկրի միգրացիոն պատկերի վերաբերյալ ամենթարմ հետազոտությունների արդյունքները՝ տեղեկացնում է  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։

Մեկնումների առումով կարևորությամբ երկրորդ տեղում են ընտանեկան դրդապատճառները, այդ թվում՝ ընտանիքի միավորում, ամուսնություն, ամուսնալուծություն և այլն: ՀՀ-ից արտերկիր մշտական բնակության են մեկնել  մեկնողների ընդհանուր թվի  3.9 տոկոսը, կրթական նպատակով մեկնումները կազմել են ամբողջի 1.5 տոկոսը:

Հարցվածների կողմից իրենց վերջին միգրացիոն ուղևորությունների մուտքի երկրների թվում մատնանշվել են շուրջ 40 երկրներ, այդ թվում այնպիսի հեռավոր կամ էկզոտիկ, ինչպիսիք են Բրազիլիան, Հարավ-աֆրիկյան Հանրապետությունը, Անգոլան և Բոտսվանան:

Այդուահնադերձ՝ հայ միգրանտների համար, ինչպես հետխորհրդային ողջ ժամանակահատվածում, մուտքի հիմնական երկիրը շարունակում է մնալ ՌԴ-ն: Այն նշանակետ երկիր է Հայաստանից մեկնողների շուրջ 90 տոկոսի համար: Հետազոտության համաձայն՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցնող երկիր՝ Ֆրանսիա են ուղևորվել մեկնածների ընդհանուր թվի ընդամենը 1.5 տոկոսը:

Հետազոտությունը փորձել է պարզել նաև հետևյալ հարցի պատասխանը՝ մեր հայրանակիցներին ի՞նչը կարող է հետ պահել միգրացիայից: Հարցվածների գնահատմամբ՝ ուղևորությունից հրաժարվելու բավարար պայման կարող է հանդիսանալ Հայաստանում ամսական միջին հաշվով 353 հազար դրամ կամ 860 ԱՄՆ դոլար մաքուր վաստակ ապահովող աշխատանքի առկայությունը։

Հետևություն՝ եթե Հայաստանում ստեղծվեն 150-200 հազար դրամ ամսական մաքուր վաստակ ապահովող, ոչ բարձր որակավորում պահանջող բավարար թվով աշխատատեղեր, արտագնա աշխատանքային՝ մասնավորապես սեզոնային միգրանտների զգալի մասը կգերադասի մնալ երկրում։

Back to top button