Հասարակություն

ՀՔԾ. Մեղադրյալը ոստիկաններին հանիրավի է մեղադրել

2015 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ կիրառել են բռնություն՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին: Այս կերպ՝ ոստիկանության աշխատակիցները հարկադրել են իրեն բացատրություններ տալ իրականում իր կողմից չկատարված՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ Ա. Թ.-ի բնակարանից գույքի գաղտնի հափշտակության փորձ կատարելու վերաբերյալ: Արդյունքում ինքը չդիմանալով կիրառված բռնություններին՝ ստորագրել է ոստիկանության աշխատակցի կազմած արձանագրության տակ:

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնից ստացվել է նրա վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննիչ Ս.Մելիքյանի մոտ Կարեն Ղ.-ն անձամբ գրելու միջոցով բացատրություն է տվել, որում մանրամասն շարադրել է իր կողմից գողության փորձ կատարելու, տուժողի որդու կողմից իրեն ծեծի ենթարկելու հանգամանքները: Պարզվել է նաև, որ նույն քրեական գործով Կարեն Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որպես տուժող հարցաքննվելիս Կարեն Ղ.-ն հերքել է իր ձեռքով բացատրություն գրելու, գողության, ինչպես նաև տուժողի որդու կողմից իրեն ծեծի ենթարկելու մանրամասները հիշատակելու հանգամանքը և նշել է, որ հիշյալ  բացատրության մեջ միայն առկա ստորագրություններն են իրենը և բացատրության վերջում  հետաքննիչի կողմից թելադրված՝ «…լրացուցիչ բացատրությունը գրեցի անձամբ, ճիշտ է, որի համար ստորագրում եմ» նախադասությունն է գրվել իր կողմից:

Կարեն Ղ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրության բնօրինակը առգրավել է և նշված բացատրության բովանդակությունը գրողին պարզելու նպատակով նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ պարզվել է, որ բացատրությունը գրվել է անձամբ Կարեն Ղ.-ի կողմից:

Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են բոլոր հնարավոր անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունները ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներ Գևորգ Բարեյանի և Ամատունի Հակոբյանի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել և չեն հաստատվել ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներ Գևորգ Բարեյանի և Ամատունի Հակոբյանի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով, միևնույն ժամանակ, քննությամբ բավարար ապացույցների համակցությամբ չի հաստատվել նաև ոստիկանության հիշյալ բաժնի հետաքննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքը, ուստի որոշվել է նրա նկատմաբ ևս քրեական հետապնդում չիրականացնել հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Արդյունքում կարճվել է հիշյալ քրեական գործով վարույթը և որոշում է կայացվել Կարեն Ղ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ և այն ուղարկել ըստ քննչական ենթակայության:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button