Միջազգային

Սիրիական հակամարտություն. քրդերը հարձակվում են, ռուսները՝ հերքում, թուրքերը՝ մեղադրում

marlenahovsepyan

Քրդերը Հալեպի մոտ ռազմավարական նշանակության ավիաբազա են գրավել: BBC-ին հայտնում է, որ քրդական ինքնապաշտպանության ուժերը իսլամիստներից ետ են վերցրել Հալեպից հյուսիս գտնվող Մենախ ավիաբազան:

Լոնդոնում գտնվող մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ ռուսական ավիացիան այդ տարածքում իրականացրել է ավելի քան 30 ավիագրոհ: Նույն կենտրոնը նաեւ հայտնում է, որ Հալեպի շրջանում ռուսական օդուժի մասնակցությամբ կառավարական զինուժի առաջխաղացման հետևանքով զոհվել է մոտ 500 մարդ, այդ թվում՝ տասնյակ խաղաղ բնակիչներ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ Հալեպի մերձակայքում վերջին շրջանում սաստկացած մարտերը մոտ 50 հազար մարդու ստիպել են լքել իրենց տները:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան ավելի վաղ հերքել էր Միացյալ Նահանգների մեղադրանքները, թե Ռուսաստանի օդուժի գործողությունները Սիրիայում հումանիտար ճգնաժամի պատճառ են դարձել:

Ի դեպ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ փոխել իր ռազմավարությունը Սիրիայում, ինչպես Պենտագոնն է հորդորել: Գերատեսչությունում ընդգծել են, որ Սիրիայի տարածքում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի նպատակը շարունակում  է մնալ նույնը՝ ոչնչացնել ահաբեկչությունը: ՙՎերջին շրջանում մենք հաճախ ենք լսում Պենտագոնի հորդորները՝ փոխել մեր ռազմավարությունը Սիրիայում, որպեսզի օգնենք ԱՄՆ- ին հասնել իշխանության քաղաքական անցման:Հիշեցնում եմ բոլոր խոհրրդականներին՝ մեր նպատակը Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարն է, քանի որ այն ակնհայտ սպառնալիք է մեր երկրի և աշխարհի անվտանգությանը՚,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Թուրքիայի համբերությունն անսպառ չէ, Անկարան Սիրիայի հարցում համբերատար կլինի մինչև որոշակի պահը, այնուհետև կանցնի կոնկրետ գործողությունների, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը: Նա սուր քննադատությամբ է հանդես եկել Եվրամիության և ՄԱԿ-ի հասցեին՝ սպառնալով ինքնաթիռներով ու ավտոբուսներով փախստականներին Եվրոպա ուղարկել։ Էրդողանը նաև առաջարկել է ստեղծել ոչ թռիչքային գոտի Սիրիայի տարածքում, առանց որի, Թուրքիայի նախագահի խոսքով, ճգնաժամը հաղթահարել չի հաջողվի:

Ավելի վաղ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էր ՄԱԿ-ի և Միացյալ Նահագների մի շարք պաշտոնյաների մեղադրել երկրակի չափանիշներ կիրառելու մեջ: Նրա խոսքով՝  Մոսկվային է պետք մեղադրել, որ ռմբակոծությունների հետևանքով փախստականների մեծ հոսք է առաջանում և ոչ թե Անկարայից պահանջել, որպեսզի բացի սահմանները։ «Որոշ շրջանակներ մատը մատին չեն տալիս սիրիական ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն որևէ մեկը չի համարձակվում ինչ-որ բան ասել ռուսներին՚,- ասել է Դավութօղլուն:

 

Back to top button