Տնտեսական

Գյուղոլորտին ու գյուղատնտեսության նախարարի պաշտոնին սպառնո՞ւմ է արդյոք ցրտահարություն. կանխատեսում

lianaeghiazaryan

Եղանակային կտրուկ փոփոխություններն արդյո՞ք ցրտահարության վտանգ են ստեղծում հանրապետությունում: Որքանո՞վ են արդարացված գյուղացիների մտահոգությունները, որոնք ահազանգում են, որ որոշ բնակավայրերում ծառերն այս շրջանում արդեն բողբոջել են: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր փորձել են փարատել գյուղացիների մտավախությունները, իսկ գյուղնախարարն իր հերթին պատասխանել է նաեւ հարցին, թե քաղաքական դաշտում «եղանակային» փոփոխություններով պայմանավորված` իր պաշտոնին այսպես ասած «ցրտահարություն» սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:

 

Վերջին շրջանում եղանակային կտրուկ փոփոխություննները` միանգամից ցրտելով ու տաքանալով, գյուղացիների շրջանում որոշ մտավախություններ են ստեղծել` հնարավոր ցրտահարությունների հետ կապված: Խոսակցություններ կան, որ Արագածոտնում եւ Տավուշի նախալեռնային շրջանի որոշ բնակավայրերում ծառերն արդեն բողբոջել են, այնինչ եղանակն առաջիկայում կարող է դեռ ցրտել:

berberyan

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, սակայն, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում այսօրինակ մտահոգությունները չի կիսում: «Կարող է` ինչ-որ տեղ ինչ-որ բան տեսել են, բայց գյուղատնտեսության համար դա առանձնակի խնդիր չէ: Տարին իր գրաֆիկով գնում է: Կանխատեսում եմ շատ լավ տարի, եթե  ցրտահարություն չլինի, իսկ մեր «պանծալի» հակակարկտային կայաններն էլ լավ աշխատեն»,- ասում է։

Երբեմն եղանակը տաքանալուն պես գյուղացիները շտապում են սկսել ցանքը, բայց հետո կանգնում ցրտահարության փաստի առաջ: Բերբերյանի դիտարկմամբ` տարին հետ չէ, մարտից արդեն Արարատյան հարթավայրում կսկսվի կարտոֆիլի, բանջարեղենի ցանքը: Որ օդերեւութաբանները երբեմն նախազգուշացումներով են հանդես գալիս, սրան Բերբերյանն արձագանքում է. «Նրանք իրենց կարծիքն ունեն, մենք` մերը»։

Բերբերյանը համոզված է, որ այս տարի նաեւ ոռոգման խնդիր չենք ունենա: Սարերում առատ ձյուն կա, ձնհալից հետո ջրամբարները լիքը կլինեն։ Եթե տարվա ընթացքում ոռոգման ջրի սակավության մասին հայտարարություններ հնչեցվեն, հաստատ անհիմն կլինեն: Մյուս կողմից էլ` եղանակային տհաճ անակնկալներ եթե չլինեն էլ, ծիրանի բերքն անցյալ տարվա պես առատ չի լինի. ծիրանենու «բնավորությունն» է, բացատրում է Ագրարագյուղացիական միավորման նախագահը, առատ բերքի հաջորդ տարում անկում է լինում, այգին, այսպես ասած, հանգստանում է:

RA Minister of Agriculture Sergo Karapetyan holds a press conference

Թեմայի շուրջ այսօր իր մեկնաբանությունները տվեց նաեւ գյուղատնտեսության նախարարը: Ի դեպ, սա այն բացառիկ դեպքերից է, երբ Հրաչ Բերբերյանի եւ Սերգո Կարապետյանի դիտարկումները համընկնում են:

«Իրավիճակը շատ բարենպաստ է: Ցրտահարության վտանգ չկա: Ճիշտ է` Արարատյան դաշտավայրում ձյունը հալվել է, սակայն ցածր ջերմաստիճան չի գրանցվել մինչև այժմ և չի սպասվում ցածր ջերմային ռեժիմ: Այնպես որ՝ գյուղատնտեսության համար շատ բարենպաստ եղանակ է»,- ասաց նախարարը:

Բայց մինչեւ ամառ դեռ շատ ժամանակ կա, ինչպես ասում են` դեռ շատ ջրեր կհոսեն` իրենց հետ հավանաբար տանելով կամ վերադասավորելով բոլոր այս կանխատեսումները, ինչպես շատ հաճախ` անցյալ տարիներին:

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում «եղանակային» փոփոխություններին, որոնք ենթադրում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումը, ապա այս մասով Սերգո Կարապետյանն ընդհանրապես կանխատեսումներ չի անում: Իր պաշտոնին «ցրտահարություն» սպասվում է, թե ոչ. հարցին նախարարը հումորով է արձագանքում:  «Չեմ կարող ասել` իմ պաշտոնանկության հետ կապված ռիսկեր կան, թե` ոչ: Եթե նման բան լինի, առաջինը դուք կիմանաք: Ես տեղյակ չեմ: Առաջինը դուք եք այդպիսի բաները իմանում»:

Կարդացեք նաև
Close
Back to top button