ԿարևորՏնտեսական

ԵՏ հանձնաժողովի անդամը 2016- ին տնտեսական դրական կանխաեսումներ է անում

lianaeghiazaryan

Ինչ տրամադրություններ են Եվրասիական տնտեսական միության ներսում, որոնք են այս ու առաջիկա տարիների հիմնական ծրագրերը, եւ ինչպես է միությունը պատրաստվում դիմակայել վերջին տարիներին պատուհասած տնտեսական խնդիրներին` արժույթի անկում, նավթի գների կտրուկ նվազում եւ այլն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոէնոնոմիկայի եւ ինտեգրման հիմնական ուղղությունների հարցերով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովան այսօր Երեւան-Մոսկվա-Աստանա տեսակամրջի միջոցով պատասխանել է բոլոր այս հարցերին ու միաժամանակ շեշտել` այս տարվա համար իրենք, չնայած բոլոր խնդիրներին, կանխատեսում են դրական աճ: Վալովան նաեւ շեշտել է` Հայաստանը կատարել է ճանապարհային քարտեզով ստանձնած բոլոր քայլերը եւ ադեն ստանում է նոր գործիքներ ու առավել լայն գործակցային հնարավորություններ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այս տարի ավարտում է Եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացն ու անցնում արդեն նոր փուլին` բացել գործակցության ողջ ներուժը եւ անցնել պրակտիկ գործակցային քայլերի, այսօր Երեւան-Մոսկվա-Աստանա տեսակամրջի միջոցով անցկացվող ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՏՀ մակրոէնոնոմիկայի եւ ինտեգրման հիմնական ուղղությունների հարցով  կոլեգիայի անդամ Տատյանա Վալովան:

Դժվար տնտեսական 2015-ը հետեւում է` բացասական բոլոր միտումներով հանդերձ, բայց Վալովան դրական կանխատեսումներ ունի 2016-ի համար: Թեեւ փոքր, բայց դրական տնտեսական տեղաշարժ է ակնկալվում:

Ռուսաստանի տնտեսության խնդիրները եւ դրանց անդրադարձը ԵՏՄ անդամ երկրների վրա որքա՞ն կշարունակվեն դեռ: Տատյանա Վալովան չի շտապում սա անվանել գլոբալ տնտեսական ռեցեսիայի սկիզբ: Նա ավելի շուտ հակված է համարել, որ Ռուսաստանը ոչ թե սեփական խնդիրների մեջ է խրվել, այլ գլոբալ տնտեսական վիճակի կրողն է: Ինչ վերաբերում է արժութային անկմանը, ինչը շատ կտրուկ արտացոլում գտավ Ռուսաստանում, Ղազախստանում, ապա բանախոսը թվարկում է դրա հարուցած խնդիրների դեմ իրենց նախատեսած գործիքները: «Օրինակ` փոխադարձ վճարումներում ազգային արժույթների կիրառման ավելացումը: Այս թեման կա նաեւ մեր համաձայնագրում: Այնտեղ ամեն ինչ հստակ նկարագրված է,  եւ մենք շատ լավ հասկանում ենք, որ այս գործիքի կիրառումը թույլ կտա կայունացնել իրավիճակը»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այս տարին սկսել է կառուցվածքային փոփոխություններով: Նախագահությունը ստանձնել է Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը: ԵՏՄ 5 անդամ երկրներից երկուսը` Հայաստանն ու Ղրզստանը, իրենց անդամակցությունը ստանձնել են 2015-ին` ավելի ուշ միանալով ինտեգրման գործընթացին: Հայաստանն ավարտել է ճանապարհային քարտեզով ծրագրված քայլերն ու արդեն ստանում է գործընկերային հարաբերություններում կիրառելիք նոր գործիքներ:

Վիճակագրությունն, այդուհանդերձ, բացասական միտումներ է գրանցում ԵՏՄ անդամ երկրների միջեւ գործակցության մասով: Այո, հաստատում Տատյանա Վալովան, միաժամանակ նաեւ նկատում` բայց առանձին ոլորտներում աճ կա:

Օրինակ` Հայաստանն անցյալ տարի շատ ավելի մեծ ծավալով է լոլիկ արտահանել ՌԴ, իսկ Ղրղզստանի հետ առեւտրաշրջանառության փոքր ծավալները փոքր-ինչ ավելացել են: «Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ստանձնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Մենք շատ ուրախ ենք դրա համար, քանի որ Տիգրան Սուրենիչը հրաշալի գիտի եվրասիական ինտեգրացիոն գործընթացը»:

ԵՏՄ-ին անդամակցող նոր երկրների անուններ դեռ չեն նշվում, բայց շուրջ 4 տասնյակ երկիր արդեն դիմել է ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի անցնելու դիմումներով: Վիետնամի հետ պայմանագիր արդեն կա: Հաջորդը գուցե Իսրայելը լինի: Եգիպտոսը, Հնդկաստանը եւ մի շարք այլ երկրներ հուշագրեր կնքելու բանակցությունների մեջ են: Իսկ ԵՏՄ ներկա անդամների հետ առաջիկա տարիների ծրագրերն առավելապես վերաբերում են միասնական շուկաների ստեղծմանը:

2016-ին պետք է սկսի գործել դեղագործական ապրանքների միասնական շուկա, ինչը Վալովան հեղափոխական փոփոխություն է անվանում: 2019-ին էներգետիկ համակարգի միասնական շուկա պետք է ստեղծված լինի, 2025-ին` գազի, նավթի ու միաժամանակ նաեւ ալկոհոլի ու ծխախոտի:

 

 

Back to top button