Հասարակություն

Անցած 20 տարիներին ՍԴ- ն 1252 գործով որոշում է ընդունել, քննել է 43 ընտրական վեճ

Անցած քսան տարիներին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը դատաքննության արդյունքով վերջնական որոշում է ընդունել 1252 գործով` արտահայտելով սահմանադրական իրավունքի աղբյուր հանդիսացող կարեւոր իրավական դիրքորոշումներ, ինչպես նաեւ կայացրել է 1500-ից ավելի աշխատակարգային որոշում: Ամբողջությամբ կամ մասնակիորեն հակասահմանադրական են ճանաչվել 67 օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի 209 տարբեր հոդվածներ ու դրույթներ։

Անցած տարիներին սահմանադրական դատարանը քննության է առել 43 ընտրական վեճ: Անվավեր են ճանաչվել համապատասխան ընտրական հանձնաժողով ների որոշումները կամ ընտրությունների արդյունքները 8 ընտրատարածքներում, ինչպես նաեւ քվեարկության արդյունքները 40 ընտրական տեղամասերում:

Այս թվերն իր ելույթում ներկայացրել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ՍԴ կազմավորման 20- ամյակին նվիրված ընդունելության ժամանակ։

Ընդունելությանը մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակներ, խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ՀՀ նախարարներ, կառավարության անդամներ։

Հանդիսությանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Իրենց մասնակցությունն էին բերել նաեւ ՀՀ գլխավոր դատախազը, Երեւանի քաղաքապետը, ՀՀ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, ճարտարապետների միությունների նախագահները, ՀՀ մարզպետները, ԲՈՒՀ-երի ռեկտորներ։

Back to top button