Միջազգային

Շվեդիան համաձայն չէ Ասանժի կալանավորման ապօրինության մասին ՄԱԿ- ի որոշման հետ

ՄԱԿ- ի ազատությունից անօրինական զրկելու հարցով հանձնաժողովն անօրինական է համարել WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ազատության սահմանափակումը, հաղորդել է Շվեդիայի արտգործնախարարությունը։

«Աշխատանքային խումբը եզրակացրել է, որ Ասանժի կալանավորումը անհիմն է եւ հակասում է միջազգային համաձայնագրերին»,- Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Կատարին Բերեյնիս Ռոսլունդի խոսքերն է մեջբերում «Ռոյթերը»։ «Այս գնահատականը տարբերվում է շվեդական իշխանությունների գնահատականից»,- հավելել է նա։

Ավելի վաղ՝ Ասանժը հայտարարել էր, որ պատրաստ է հանձնվել բրիտանական ոստիկանությանը, եթե ՄԱԿ- ի հանձնաժողովն իր կալանավորումը օրինական համարի։ «Եթե ՄԱԿ- ը վաղը հայտարարի, որ ես պարտվել եմ Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի դեմ գործով, ես դուրս կգամ դեսպանատնից (Էկվադորի, որտեղ նա ապաստան է գտել. խմբ.) ուրբաթ կեսօրին, որպեսզի հանձնվեմ բրիտանական ոստիկանությանը, քանի որ հետագա բողոքարկման լուրջ հեռանկարներ չկան»,- հայտարարել էր Ասանժը։

WikiLeaks կայքը հայտնի է Պենտագոնի, Պետքարտուղարության եւ ԱՄՆ պետական այլ կառույցների հարյուրհազարավոր գաղտնի փաստաթղթերի  հրապարակմամբ։

44- ամյա Ասանժը ապաստան է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից 2012- ի հունիսին՝ փորձելով խուսափել Շվեդիային հանձնվելուց։ Շվեդական դատախազությունը նրան մեղադրում է 2010 թվականի կեսերից սեռական ոստնձգություններ թույլ տալու մեջ։ Ասանժը պնդում է, որ կամավորները, որոնց դիմումի վրա մեղադրանք է առաջադրվել, համաձայնությամբ են իր հետ սեռական կապ ունեցել, իսկ մեղադրանքն ունի քաղաքական ենթատեքստ։

Շվեդիայի դատախազությունը հայտարարել է, որ ՄԱԿ- ի աշխատանքային խմբի որոշումը որեւէ կերպ չի ազդի իրենց հետաքննության վրա։

Back to top button