Հասարակություն

Եվս մեկ վարկային համաձայնագիր՝ ԱԺ օրակարգում (լրացված)

տեղադրվել է ժամը 12։37- ին
լրացվել է ժամը 17։41- ին

lenabadeyan

ԱԺ Քառօրյա աշխատանքների չորրորդ օրը խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է երեկ քննարկված հարցերը: Մասնավորապես՝ վավերացվել է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված համաձայնագիրը, ըստ որի 113 միլիոն դոլարով նախատեսվում է բեռնաթափել Երեւանի կենտրոնը եւ գումարն ուղղել հիմնականում ճանապարհների բարելավմանը:

Համաձայնագիրը վավերացվել է 78 կողմ, 20 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Իսկ ահա Վարդան Այվազյանի, Խաչատուր Քոքոբելյանի եւ Միքայել Մելքումյանի առաջարկը՝  փոփոխություններ մտցնել Շրջանառության հարկի մասին օրենքում, միաձայն քվեարկությամբ՝ 114 կողմով, ընդունվել է երկրորդ եւ վերջին ընթերցմամբ:

Եւս մեկ վարկային համաձայնագրի քննարկումը շարունակվում է այսօր: Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման բանկի միջև 2015-ի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրի 40 միլիոն դոլարի վարկ՝ 25 տարի մարման ժամկետով: Այս միջոցներով նախատեսվում է բարելավել կենսական նշանակության ճանապարհները, մասնավորապես՝ այս պահին ընտրված 4 մարզերի գյուղական համայնքները արդի ճանապարհային ցանցի միջոցով կապել մայրուղիներին եւ հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհներին: Այս ամենում, սակայն, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեսնում է քաղաքական միտումներ:

«Ընտրություններից առաջ մոդայիկ է ասֆալտ անելով համայնքներին ծառայություն մատուցել, մարդկանց ձայները շահել, շատ հաճախ մարդիկ չեն էլ իմանում, որ վարկային ծրագրերով են դա անում: Ժողովրդի փողով իբր լավություն են անում ժողովրդին եւ դա ներկայացնում մեծ հաջողություն: Ինչ երաշխիքներ կան, որ այս նպատակներով չեն օգտագործվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս հարցերին ի պատասխան՝ Տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը նշեց,  որ իրենք աշխատում են թափանցիկ, տեղեկատվությունը տալիս են հանրամատչելի ձեւով:

Back to top button