Հասարակություն

Բացահայտվել է փոխգնդապետի վրա ավազակային հարձակումը

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Արաբկիրի զինկոմիսարիատի հերթապահ, փոխգնդապետ Մ.Միրզոյանի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ։

Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Արաբկիրի զինկոմիսարիատի մասնաշենքի երկրորդ հարկի պատուհանից ապօրինի մուտք է գործել զինկոմիսարիատ, մտել հերթապահության սենյակ և ավազակությամբ ուրիշի գույքը  հափշտակելու նպատակով, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ  հարձակում է գործել հերթապահ, փոխգնդապետ Մ.Միրզոյանի վրա՝ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջելով մետաղյա չհրկիզվող պահարանում գտնվող գումարը:

Ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու արդյունքում փոխգնդապետին հաջողվել է ուղիղ կապով տեղեկացնել կատարված ավազակային հարձակման մասին, որի արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած անձը,  դադարեցնելով գործողությունները, դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ  ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում 12.10.2015թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:

Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով N զորամասի զինծառայող է։ Վերջինս 2016 թ. հունվարի 27-ին ներկայացվել է ճանաչման գործով տուժողին։

Քննությամբ հիմնավորվել է, որ նշված զինծառայողը նշված առերևույթ հանցանքը կատարել է իր ընկերոջ հետ, ով պահեստազորի կապիտան է։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ.Պետրոսյանին և Ա.Աղասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը  բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button